Պուտինը միտումնավոր է հազացել Թրամփի հետ հանդիպմանը՝ իմանալով նրա վախի մասին. Սպիտակ տան նախկին խոսնակը ևս մեկ «բացահայտում» է արել  

16:40 • 29.09.21

 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատից կասկածներ են հայտնել, որ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ միտումնավոր հազացել է Ճապոնիայում վերջինիս հետ կայացած հանդիպմանը, քանի որ Թամփը վախենում է մանրէներից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ամերիկյան ԶԼՆ-ներում հայտնված տեղեկությունը: 

«Պուտինը, թվում էր, չափազանց շատ էր հազում և մաքրում կոկորդը ողջ հանդիպման ընթացքում»,- Սպիտակ տան նախկին խոսնակ Սթեֆանի Գրիշեմի հետ զրույցում ասել է Թրամփի նախկին խորհրդական Ֆիոնա Հիլը՝ շեշտելով, որ այդպիսով Պուտինը փորձում էր ակտիվացնել Թրամփի հայտնի վախը մանրէների նկատմամբ:

Այս մասին իր նոր գրքում գրել է Գրիշեմն՝ անդրադառնալով 2019 թվականին ճապոնական Օսակա քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գրիշեմը ևս մեկ բացահայտում էր արել տվյալ հանդիպումից՝ հայտնելով, որ Թրամփը հանդիպումից առաջ Պուտինին ասել էր, որ իր հետ կոշտ է խոսելու միայն տեսախցիկների համար:

«Լավ, ես պատրաստվում եմ փոքր ինչ կոշտ լինել Ձեզ հետ մի քանի րոպե, սակայն այդ ամենը տեսախցիկների համար է, հենց նրանք հեռանան, մենք կխոսենք: Հասկանում եք չէ՞»,- Թրամփի խոսքը վերհիշել է Գրիշեմը: