Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին «հանցագործ» է անվանել և շնորհակալություն հայտնել իրավապահներին նրան բերման ենթարկելու համար

22:16 • 01.10.21

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երախտագիտություն է հայտնել հատուկ ծառայություններին՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բերման ենթարկելու համար՝ կատարվածն անվանելով «աննախադեպ իրադարձություն», հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության թելեգրամյան ալիքը:

Կառավարության ղեկավարը պնդել է, որ «Սաակաշվիլիի բերման ենթարկելու ամբողջ գործընթացը գտնվել է լիակատար վերահսկողության ներքո»:

«Մարմինները ներդաշնակորեն աշխատեցին և նվազագույն կործանարար գործոններով ընտրեցին բերման ենթարկելու ժամանակը և վայրը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին, ինչպես նաև այս աննախադեպ գործում ներգրավված ամբողջ անձնակազմին: », - ասել է Ղարիբաշվիլին՝ ևս մեկ անգամ Սաակաշվիլիին հանցագործ անվանելով: