«Իմ և Վրաստանի ազատությունը լիովին կախված է առաջիկա օրերին ձեր ակտիվությունից». Սաակաշվիլին բանտից նամակ է գրել աջակիցներին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսթավիի թիվ 12 բանտից նամակ է գրել, որում կոչ է արել իր կողմնակիցներին ոչ մի բանից չվախենալ և գնալ մինչև վերջ:
Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիի թաղամասերից մեկում՝ ուրբաթ երեկոյան: Նա անօրինական կերպով հատել է սահմանը և Վրաստան է ժամանել Ուկրաինայից՝ շաբաթ կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: Նախկին նախագահը մեղադրվում է մի շարք քրեական գործերում, երկուսով արդեն դատապարտվել է հեռակա կարգով, մնացած գործերը գտնվում են դատական վարույթում:
Նամակում Սաակաշվիլին ընդունված պատիժներն անվանում է «Պուտինի հրաման» և վստահեցնում, որ Ռուսաստանից բացի ոչ մի երկիր չի ճանաչում դրանք:
«Իմ սիրելի աջակիցներ և իմ պաշտելի վրաց հասարակություն, երբ ես ամեն ինչ թողեցի Կիևում և եկա այստեղ, ես գիտեի, որ, ամենայն հավանականությամբ, ինձ կբռնեն ամբողջովին հորինված, կեղծ վճիռների հիման վրա, ... բայց ես ամեն դեպքում եկա, որովհետև ես հավատում եմ իմ երկրին և ձեզանից յուրաքանչյուրին», - գրում է Սաակաշվիլին:
Նախկին նախագահն իր զինակից ընկերներին հորդորել է գնալ քվեարկության և հավատալ, որ հաղթանակը նրանցից յուրաքանչյուրի ձեռքում է:
«Ես իսկապես ուզում եմ ձեզ խնդրել, որ բոլորը գնան ընտրությունների, որպեսզի չկորցնեն ոչ մի ձայն, և որ դրանից հետո բոլորը միասին պաշտպանեն հանրաքվեի արդյունքները: Իմ և հազար անգամ ավելի կարևոր Վրաստանի ազատությունը, լիովին կախված է առաջիկա օրերին ձեր ակտիվությունից և մարտունակությունից: Սրանից է կախված նաև միջազգային աջակցությունը: Խնդրում եմ մի վախեցեք և մինչև վերջ հավատացեք, որ մեր հաղթանակը մեր ձեռքերում է», - ասել է նա:
Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին ծրագրում էր հանրապետությունում պետական հեղաշրջում իրականացնել:
«Նա Վրաստան է եկել հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ սկսելու իր սպառնալիքներն իրականացնելու համար: Ըստ այդմ, իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները՝ կանխելու նրա նոր հանցագործությունը», - լրագրողներին ասել է Կոբախիձեն:
Ուրբաթ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Սաակաշվիլիին ձերբակալել են հայրենիքում: Մինչ այդ, նախկին նախագահն ասել էր, որ մտադիր է տեղական ինքնակառավարման մարմինների կայանալիք ընտրություններին վերադառնալ հայրենիք:
Վրաստանում նա գտնվում էր ներքին հետախուզման մեջ, անցնում է մի քանի քրեական գործով, և իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանը հատելուն պես: Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին գործով նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, մյուսով`վեց: Բացի այդ, Սաակաշվիլին անցնում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերով: Բոլոր դատարանները շարունակում են դրանք քննել:










