Ֆրանսիայում վերջին 70 տարում քահանաների կողմից սեռական բռնության զոհ է դարձել առնվազն 216 000 անչափահաս. զեկույց

16:48 • 05.10.21

Ֆրանսիայում հոգևորականների և կրոնական գործիչների կողմից 1950-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում սեռական բռնության զոհ են դարձել առնվազն 216 հազար անչափահաս: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է եկեղեցում սեռական բռնության հարցերով անկախ հանձնաժողովի ղեկավար Ժան Մարկ Սովեն:

«Բնակչության շրջանում անցկացված հետաքննությունը…պարզել է, որ Ֆրանսիայի 18-ից բարձր տարիքի բնակիչների շրջանում… 216 000 մարդ իրենց անչափահասության տարիքում սեռական բռնության են ենթարկվել հոգևորականների և կրոնական գործիչների կողմից»,- հոկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է Սովեն՝ ներկայացնելով հանձնաժողովի համապատասխան զեկույցը: Սովեն նշել է, որ խոսքը միայն այն զոհերի մասին է, որոնք այսօր ողջ են: «Այն զոհերը, որոնք այսօր կյանքում չկան, իհարկե, հաշվառված չեն»,-նշել է նա:

Եկեղեցում սեռական բռնության հարցերով անկախ հանձնաժողովը Ֆրանսիայում ստեղծվել է 2019 թվականին: