«Սեղանի տակ բռնեց ազդրս». Դանիայի նախկին վարչապետը Ֆրանսիայի նախկին նախագահին մեղադրել է սեռական ոտնձգության համար
Դանիայի նախկին վարչապետ Հելե Թորնինգ Շմիդտը Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենին մեղադրել է ոտնձգությունների համար, գրում է The Local-ը:
«Ժիսկար դ'Էստենը, որը նստած էր կողքիս, սեղանի տակ բռնեց ազդրս: Դա միանգամայն խելագարություն էր: Ես ինքս ինձ հարց տվեցի, թե ինչ է կատարվում: Փոխեցի տեղս, և ամեն ինչ ավարտվեց», - գրել է սոցիալ-դեմոկրատների նախկին առաջնորդն իր գրքում:
Նրա հանդիպումը Ֆրանսիայի նախկին նախագահի հետ կայացել է Կոպենհագենում Ֆրանսիայի դեսպանատանն ընթրիքի ժամանակ՝ 2002 կամ 2003 թվականներին: Այն ժամանակ Թորնինգ Շմիդտը մասնակցում էր Եվրոպական կոնվենցիային, որը ստեղծվել էր ԵՄ սահմանադրության նախագծի համար և որը նախագահում էր Ֆրանսիայի նախկին առաջնորդ Ժիսկար դ'Էստենը. վերջինս մահացել է անցյալ դեկտեմբերին:
«Այսօր դա կդիտվեր որպես սեռական ոտնձգություն: Բայց այն ժամանակ այդպես չէր: Դա այլ ժամանակ էր, բայց ես դա ընդունեցի որպես անտեղի ժեստ, և իրավիճակը շատ զայրացրեց ինձ», - ասել է Թորնինգ Շմիդտը:
54-ամյա Թորնինգ Շմիդտն առաջին կինն էր, որը ղեկավարել է Դանիայի կառավարությունը 2011-2015 թվականների միջև:










