«Չեմ կարող ասել՝ երբ դա տեղի կունենա, բայց ակնհայտ է, որ ոչ վաղը». Ստոլտենբերգը՝ Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի մասին

17:06 • 07.10.21

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն իրավունք չունի խոչընդոտելու Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն «դա վաղը չի լինի», գրում է Russia Today-ը:

«Միայն ՆԱՏՕ-ի անդամները, Վրաստանը և Ուկրաինան իրավունք ունեն որոշում կայացնել իրենց անդամակցության վերաբերյալ: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ որևէ մեկն իրավունք չունի վետո դնել այս որոշման վրա», - ասել է Ստոլտենբերգը Վաշինգտոնում կայացած համաժողովի ժամանակ:

Նա ընդգծել է, որ «չի կարող ասել, թե երբ դա տեղի կունենա»:

«Ակնհայտ է, որ դա վաղը չի լինի», - ընդգծել է գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ընդլայնել դաշինքին միանալու համար հայտ ներկայացրած պետություններին աջակցությունը և ասել է, որ այս հարցը քննարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

Սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը ԱՄՆ-ից անմիջական պատասխան չի ստացել ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ:

Սպիտակ տունը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է կատարի մի շարք պայմաններ: Կիևում Գերմանիայի դեսպանն իր հերթին ընդգծել է, որ Դոնբասում հակամարտությունը խոչընդոտ է հանդիսանում Ուկրաինայի`այդ կազմակերպություն մուտք գործելու համար: