Կանայք և տղամարդիկ այսուհետ առանձին սրահներում են տոնախմբելու. թալիբները մի շարք սահմանափակումներ են ընդունել հարսանիքների անցկացման վերաբերյալ
Թալիբներն արգելել են կենդանի երաժշտություն հնչեցնել Աֆղանստանում անցկացվող հարսանիքների ժամանակ, իսկ կանայք և տղամարդիկ այսուհետ տոնախմբությունը պետք է նշեն առանձին սրահներում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տեղի հյուրանոցներից մեկի սեփականատերը:
Նոր կանոնների մասին հայտարարել է իսլամական կողմնորոշման նախարարությունը, որն ստեղծվել էր կանանց հարցերով նախարարության փոխարեն:
«Երեկ հանդիպել ենք թալիբների հետ: Նրանք սահմանափակումներ են ընդունել՝ կապված հյուրանոցներում հարսանիքների անցկացման հետ: Պարզ է, որ դրանց պատճառով հյուրանոցները կսնանկանան»,- ասել է հյուրանոցի սեփականատերը:
Նոր կանոնների համաձայն՝ կանանց համար նախատեսված սրահ մուտք գործել կարող են միայն ընտանիքի անդամ տղամարդիկ: Կանանց և տղամարդկանց արգելվում է պարել միասին և մասնակցել մրցույթների: Բացի այդ, տոնակատարության ժամանակ արգելվում է ալկոհոլի օգտագործումը:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են սկսել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբանն» ավելի ուշ հայտնել է երկրի նոր կառավարության կազմը, որն արդեն անցել է աշխատանքի:










