Հավանայի համախտանիշ. Բեռլինում հետաքննություն են սկսել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների շրջանում տարածվող առեղծվածային հիվանդության պատճառով

20:01 • 09.10.21

Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել ԱՄՆ դեսպանատան հաղորդումների հիման վրա, որոնց համաձայն՝ դեսպանության աշխատակիցներն այսպես կոչված «Հավանայի համախտանիշի» ախտանշաններ են ունեցել:

Ինչպես փոխանցում է BBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությունը, հետաքննության պատճառը «ինֆրաձայնային զենքի ենթադրյալ կիրառումն է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների նկատմամբ», որի մասին տեղեկություն էր ստացվել օգոստոսին:

Հաղորդվում է, որ 2016 թվականից ի վեր 200 ամերիկացի պաշտոնյայի մոտ հայտնաբերվել է տվյալ հիվանդությունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ելույթ ունենալիս խոստացել էր պարզել համախտանիշի «պատճառն ու մեղավորներին»: Բայդենի խոսքով՝ տվյալ հիվանդությունից ամերիկացի դիվանագետներն ու զինվորականները տուժում են աշխարհով մեկ:

Համախտանիշով հիվանդացածները նշում են, որ հանկարծակի ճնշվածության զգացողություն են ունենում և տարօրինակ ձայներ են լսում, որոնք գալիս են որոշակի ուղղությունից: Մի մասն էլ թուլություն, սրտխառնոց և գիտակցության կորուստ է ունենում:

Առեղծվածային հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 2016 թվականին Հավանայում ԱՄՆ-ի և Կանադայի դեսպանատներում: Մինչ օրս հիվանդության առաջացման հստակ պատճառները պարզ չեն: Ամերիկացի գիտնականների ուսումնասիրության արդյունքում ստացված միակ բացատրությունը «ուղղորդված իմպուլսային ռադիոհաճախականության էներգիան» է: