ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմը հրթիռներ է արձակել Ճապոնական ծովում

13:02 • 11.10.21

ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) «Վարյագ» գվարդիական հածանավը և մեծ հակասուզանավային «Ադմիրալ Տրիբուց» նավը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԽՕՆ-ի գծով Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության տեղեկատվության ապահովման բաժինը:

«Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» գվարդիական հածանավի և մեծ հակասուզանավային «Ադմիրալ Տրիբուց» նավի անձնակազմերը ուսուցման ամառային ժամանակաշրջանի ամփոփիչ ստուգման շրջանակում Ճապոնական ծովում անցկացրել են պլանային վարժանք, որի ընթացքում «Ֆորտ», «Կինժալ» և «Օսա» զենիթահրթիռային համալիրների գործնական արձակումներ են կատարել արագընթաց օդային թիրախների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կրակը բացվել է թիրախ-հրթիռների ուղղությամբ, որոնք արձակվել են փոքր հրթիռային և փոքր հակասուզանավային նավերից: Վարժանքների ընթացքում կատարվել է տասը հրթիռային արձակում, նշել են մամուլի ծառայությունում: Մարտական վարժանքի իրականացումն ապահովել են 12 մարտանավեր և Խաղաղօվկիանոսյան նավատորմի ապահովման նավեր: Նրանք կատարել են հրթիռային հրաձգությունների շրջանի փակման առաջադրանքները, նշվում է հաղորդագրության մեջ: