Ադրբեջանը հերքել է Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին իրանական լրատվամիջոցի լուրը (թարմացված)
21:20
Ադրբեջանը հերքել է իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին լուրը: Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պետական մաքսային կոմիտեին, հետաքննությունը երկու իրանցի վարորդի նկատմամբ շարունակվում է:
Նրանց ազատ չեն արձակել և չեն վերադարձրել հայրենիք:
20:10
Ադրբեջանում ազատ են արձակել իրանցի վարորդներին, որոնց ադրբեջանցի սահմանապահները շաբաթներ առաջ ձերբակալել էին Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելիս:
Ինչպես հայտնում է «Մեհր» գործակալությունը, Բաքուն իրանցի վարորդներին ազատ է արձակել Ադրբեջանի և Իրանի արտոգործնախարարների հեռախոսազրույցից մեկ օր անց:
Անցյալ գիշեր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովին տեղեկացրել է, որ թշնամիները չպետք է հնարավորություն ունենան խախտելու բարեկամական կապերը Թեհրանի և Բաքվի միջև:
Հիշեցնենք, որ իրանական բեռնատարների երկու վարորդի ադրբեջանցիները ձերբակալել էին սեպտեմբերի կեսերին Գորիս-Կապան ճանապարհի՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող հատվածով երթևեկելիս: Բացի այդ, նրանք 100-ական դոլար էին պահանջել վարորդներից՝ որպես հարկ: Ադրբեջանում նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել սահմանն ապօրինաբար հատելու մասին գործով:










