Եթե պետությունը մտահոգ լիներ իր ժողովրդի առողջությամբ, թեստավորումը կաներ անվճար. խայտառակ նվազ աշխատավարձ ստացող դասախոսն ինչո՞ւ պետք է 14 օրը մեկ վճարի թեստավորման համար. Աննա Մայիլյան (տեսանյութ)

16:30 • 13.10.21

Եթե պետությունը մտահոգ լիներ իր ժողովրդի առողջությամբ, թեստավորումը կաներ անվճար: Չի զգացվում, որ ժողովրդի հանդեպ սեր, հոգատարություն կա, փոխարենը կա պարտադրանք, պահանջ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի այն հրամանին, համաձայն որի՝ հանրային աշխատողները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն թեստի բացասական պատասխան:

Նա նաև հարց բարձրաձայնեց՝ խայտառակ նվազ աշխատավարձ ստացող դասախոսն ինչո՞ւ պետք է 14 օրը մեկ վճարի թեստավորման համար:

Մայիլյանի խոսքով՝ թեստավորումն էլ կատարվում է մի շարք կանոնների խախտմամբ. օրինակ՝ թեստավորում անցկացնող անձը չի կրում բժշկական դիմակ, ձեռնոցներ:

«Գնում ենք թեստավորվելու՝ վարակվելու վտանգով: Թեստավորման այս ձևը նպաստում է կորոնավիրուսով վարակվելուն»,-ասաց Մայիլյանը՝ նշելով նաև, թե պատվաստման անհրաժեշտության մասին այնպես չեն ներկայացնում, որ մարդիկ առանց վախենալու գնան պատվաստվելու: Ըստ Մայիլյանի՝ պետք է պարբերաբար թեստավորեն նաև ուսանողներին:

Բանախոսն անդրադարձավ նաև Թուրքիայի հետ խաղաղ ապրելու մասին հայտարարություններին՝ նշելով, թե թուրքերի հետ խաղաղությունը բացառվում է: «Պետք է առաջ գան ազգասեր, ազգանվեր, կարողունակ ուժեր, ՀՀ նախկին ղեկավարները խոսեն նաև իրենց սխալների մասին: Եթե նման բան տեղի ունենար, գուցե ինչ-որ բան փոխվեր. շատ բան կարող են անել, եթե միավորվեն»,-ասաց Մայիլյանը: