ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, գնահատելով Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը, ասել է, որ որևէ ռազմական գործողություն իրականացնելիս պետք է հաշվի առնվեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հանգամանքները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Մենք կողմ ենք, որ նախկինի պես հարգենք Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը»,-«Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում ասել է նա:
«Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը մոտենում է ավարտին, բնականաբար այն պետք է շարունակվի: Ինչ վերաբերում է ռազմական նախապատրաստություններին, ապա այդ նախապատրաստությունները պետք է հաշվի առնեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հանգամանքը», - հավելել է Վերշինինը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին ասել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցում իրենց պարտավորությունները չկատարելու ֆոնին՝ Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Սիրիայի տարածքում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու համար:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Սիրիայի հյուսիսում ավելացել է քրդերի կողմից ահաբեկչական հարձակումների թիվը:
Թուրքական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններից առաջ Քրդական բանվորական կուսակցության զինյալները գնդակոծել են Թուրքիայի տարածքը, այդ թվում`ականանետերից:
«Վերջերս մենք կրկին սկսել ենք արձանագրել նման հարձակումներ: Հեռավորությունը, որից գնդակոծվում են Թուրքիայի սահմանամերձ շրջանները, առավելագույնը 30 կմ է: Եվ դա չնայած այն բանին, որ Սիրիայում, այդ թվում՝ «Եփրատի վահան» գործողությունների մեկնարկից հետո, մենք որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Երկու երկրներն էլ պարտավորվել են ահաբեկիչներին դուրս բերել Թուրքիայի սահմանից՝ նրանց տանելով 30 կմ դեպի Սիրիայի խորքը: Մոսկվան պարտավորվել է նաև ահաբեկիչներից մաքրել Սիրիայի Թալ Ռիֆաթ և Մենբիչ շրջանները: Ցավոք, այդ խոստումները չեն կատարվել», - հայտարարել է նա:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն նույնպես պատասխանատու են սիրիացի խաղաղ բնակիչների և թուրք զինվորականների վրա ահաբեկչական հարձակումների համար: Նրանք չեն կատարել իրենց խոստումները, պարզաբանել է թուրք նախարարը:
Ահաբեկչական հարձակումների աճի և Սիրիայի նկատմամբ պարտավորությունների չկատարման ֆոնին Թուրքիայինն մնում է ինքնուրույն լուծել հարցը, ասել է Չավուշօղլուն:










