Անցած 3.5 տարիներին խոսքի ազատության և մամուլի դեմ իշխանության գործողությունները խիստ համակարգված և հետևողական են. նրանք պայքարում են միաժամանակ մի քանի հարթությունում. Սաթիկ Սեյրանյան

14:49 • 15.10.21

Հեղափոխությունից հետո այն, ինչ տեղի է ունենում մամուլի, խոսքի ազատության նկատմամբ, ինչ-որ իմաստով հետին պլան է մղում այն դեպքերը, որ տեղի են ունեցել նախկին իշխանությունների ժամանակ:

Այս մասին «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով կազմակերպված քննարկմանն ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ նշելով, որ թեև բոլոր իշխանությունները մշտապես ցանկացել են ինչ-որ իմաստով ազատվել կամ լռեցնել ազատ խոսքը, բայց վերջին 3.5 տարում վիճակն անհամեմատելի է:

Ըստ Սեյրանյանի՝ այս ընթացքում լրագրողները շատ կոշտ, դաժան հարձակումների ենթարկվեցին:

«Մամուլի դեմ ուղղված որևէ գործողություն գործողություն է խոսքի ազատության, տեղեկացված լինելու իրավունքի դեմ: Այն ամբողջ իրավիճակը, որը տեղի է ունենում մամուլի շուրջ, միայն առաջին հայացքից է վերաբերում լրագրողներին, իրականում բացառապես քաղաքական խնդիր է և արտահայտում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների նկատմամբ գործող իշխանությունների վերաբերմունքը: Դրա պատճառն այն է, որ ՀՀ-ում ձևավորվել և խորանում է ձևով՝ ժողովրդավարական՝ լոզունգների մակարդակում, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ»,-ասաց նա:

Ժուռնալիստների միության նախագահի խոսքով՝ անցած 3.5 տարիներին, բայց հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո խոսքի ազատության և մամուլի դեմ իշխանությունների գործողությունները կրում են խիստ համակարգված և հետևողական բնույթ:

«Մամուլի դեմ իշխանությունները պայքարում են միաժամանակ մի քանի հարթությունում՝ օրենսդրական, որպես դրա հետևանք՝ ֆինանսական, բայց հավասարապես նաև քարոզչական մակարդակներում: Մի կողմից փորձ է արվում լռեցնել և վերահսկելի դարձնել մամուլը, մյուս կողմից՝ նրան զրկել առանց այդ էլ սուղ ֆինանսական միջոցներից և աղբյուրներից: Քարոզչական դաշտում իշխանությունը մամուլը հռչակել է որպես դասակարգային թշնամի, և ամենատարբեր միջոցներով հասարակության շրջանում փորձ է արվում ձևավորել կարծրատիպ, որ լրատվամիջոցներն իշխանություններին խանգարում են աշխատել, շենացնել երկիրը»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը: