Ոստիկանության կարմիրբերետավորներն այս պահին Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում են, խուզարկություն են իրականացնում (տեսանյութ)

17:28 • 17.10.21

Ոստիկանության կարմիրբերետավորներն այս պահին Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում են:  Շտաբ են կանչել նաև համայնքապետի թեկնածուի հորը՝ Գագիկ Առուշանյանին:

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե դեռևս հայտնի չէ՝ իրավապահներն ինչ նպատակով են մտել շտաբ, իսկ մյուս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնեց, թե խուզարկություն են անում:

Նա նաև նշեց, թե այսօր ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացել. «Մասանավորապես, Տեղ համայքնում ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին ահազանգեր ենք ստացել, բայց, ինչպես տեսնում ենք, ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ այս դաշինքի դեմ աշխատելու համար»,-ասաց նա:

Ըստ Յոլյանի՝ բոլոր ընտրատեղամասերում կուտակումներ, ուղղորդումներ են, կան կրկնակի քվեարկություններ, բայց դրանցով Ոստիկանությունը հետաքրքրված չէ:

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։