Հեղեղումների հետևանքով Հնդկաստանի հարավ-արևմուտքում տասնյակ մարդիկ են մահացել
Հնդկաստանի Քերալա հարավարևմտյան նահանգում առնվազն 24 մարդ է զոհվել հեղեղումների և հորդառատ անձրևների հետևանքով, որոնք սկսվել են շաբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին. որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին հաղորդել է Hindustan Times հրատարակությունը:
«Տխուր է, որ այդքան շատ մարդ է զոհվել Քերալայում սկսված տեղատարափների և սողանքների հետևանքով: Իմ ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»,-Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հոկտեմբերի 17-ին գրել է Twitter-ում: Հրատարակությունը նշում է, որ անբարենպաստ եղանակի զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը դեռևս համարվում են անհետ կորածներ: Հաղորդվում է, որ զոհվածների թվում կա առնվազն հինգ երեխա: Տուժած շրջաններ օգնություն տեղափոխելու համար օգտագործվում են ռազմական ուղղաթիռներ:
Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը հոկտեմբերի 18-ին նահանգի 11 օկրուգներում հայտարարել է վտանգավորության «դեղին» մակարդակ: «Դեղինը» չորս մակարդակներից երկրորդն է և նշանակում է, որ եղանակը պոտենցիալ վտանգավոր է: Քերալայի գլխավոր նախարար Փինարայ Վիջայանի խոսքով՝ հարյուրավոր մարդիկ տարհանվել են, ամբողջ նահանգում ավելի քան 100 ճամբար է ստեղծվել շտապ օգնություն ցուցաբերելու նպատակով: Քանի որ մի քանի ճանապարհներ մասնակիորեն ոչնչացվել են, ափամերձ քաղաքներից մարդկանց տարհանելու համար օգտագործում են ձկնորսական նավեր: 2018 թվականին շուրջ 400 մարդ է զոհվել Քերալա նահանգի պատմության մեջ ամենաուժեղ հեղեղումներից մեկի հետեւանքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:










