Ավելորդ քաշը սեռական և վերարտադրողական խանգարումների պատճառ. Սևադա Հակոբյան

14:02 • 19.10.21

Tert.am ը զրուցել է Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ և փորձել պարզել, թե արդյո՞ք ավելորդ քաշը ազդում է սեռական և վերարտադրողական առողջության վրա:

Կանանց և տղամարդկանց ավելորդ քաշը համարվում է սեռական ֆունկցիայի խանգարման և անպտղության ռիսկի գործոն: Էրեկցիայի խանգարման և ճարպակալման միջև կապը ակնհայտ է: Ժամանակակից հետազոտությունները փաստում են՝ այն տղամարդիկ, որոնք ունեն ավելորդ քաշ, 25 անգամ ավելի հաճախ են ունենում պոտենցիայի հետ կապված խնդիրներ, բացի այդ, ճարպակալումը պատճառ է հանդիսանում նաև սերմնահեղուկի որակական և քանակական ցուցանիշների վատացման, նույնիսկ կարող է անպտղության պատճառ հանդիսանալ:

Տղամարդկանց համար հատկապես վտանգավոր է որովայնային շրջանի (վիսցերալ) ճարպակալումը՝ քանի որ սկսում են ավելի շատ սինթեզվել իգական սեռական հորմոններ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ խանգարվում է տեստոստերոնի փոխանակությունը:

Սկզբնական շրջանում տեստոստերոնի ինտենսիվ արտադրությունը կարողանում է փոխլրացնել դա, սակայն եթե քաշը չի կարգավորվում, ապա հանգեցնում է սեռական գեղձերի հյուծման, և սեռական հորմոնների քանակը նվազում է: Սիրտ-անոթային համակարգը նույնպես ծանրաբեռնվում է՝ չէ որ սեռական ֆունկցիայի նորմալ գործունեության համար անհրաժեշտ է բավարար արյան հոսք դեպի սեռական օրգաններ:

Հատկապես կանանց մոտ գումարվում են նաև փսիխոէմոցիոնալ գործոնները (ավելորդ քաշը հաճախ պատճառ է հանդիսանում անձի ինքնագնահատականի իջեցման ), որոնք հանգեցնում են սեռական ֆունկցիայի խանգարման: Սեքսոլոգիական բուժումը ուղղված է սեքսուալ ֆունկցիայի վերականգնմանը, Էրեկցիայի բարելավմանը,  հորմոնալ խնդիրների կարգավորմանը, կանաց սեռական ցանկության վերականգնմանը: Քաշի կարգավորումը այս պարագայում հանդիսանում է բուժման արդյունավետության կարևոր գրավական: