Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ուսումնավարժանքներ են անցկացրել՝ կապի տարբեր միջոցների կիրառմամբ. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները Ռազմական կապի մասնագետի օրվան ընդառաջ համալիր մարզումներ են անցկացրել՝ ուղղված կառավարման համակարգի կազմակերպմանը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ուսումնավարժանքներին ներգրավվել են բոլոր 27 դիտակետերը, որոնք տեղակայված են շփման գծի երկայնքով՝ Լաչինի միջանցում, Մարտունիի, Մարտակերտի և ԼՂ այլ շրջաններում:
Ռադիո-ուսուցմանն ուղղված վարժանքներն իրականացվել են պայմանական թիրախների ուղղությամբ: Գործնական պարապմունքի ընթացքում մասնագետները համալիր առաջադրանքներ են մշակել՝ կապի տարբեր միջոցների օգտագործմամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










