Քեզ բացակա չենք դնի. նոր երգ, նոր հիմնադրամ՝ զոհված 18-ամյա Վազգեն Գալստյանի հիշատակին (տեսանյութ)
Վազգեն Գալստյանն ընդամենը երկու ամսվա զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց, բայց վաթսուն օրը հերիք եղավ, որ թողներ իր հետքն ու հերոսանար… Ջրականում հայտնվելով շրջափակման մեջ` զոհեց իր կյանքը՝ զիջելով վիրավորվածներին… Ասել էր՝ նրանց տարհանեք, հետո կգաք իմ հետևից, բայց վերադարձն անհնար եղավ:
Մայրը պատմում է՝ որդին դպրոցական տարիներին Մաշտոցին, Սևակին էր կերպավորում, ինքն էր Վազգենին ծանոթացրել հայոց պատմության սև էջերին, իսկ հիմա նա դարձավ այդ գրքի թերթերից մեկը:
Տղան ապրեց 18 գարուն և հասցրեց միայն զբաղվել կրթությամբ. ընդունվել էր մայր բուհի ռադիոֆիզիկայի բաժինը ու երազում էր գիտնական դառնալ, գեներով հորից ժառանգել էր բնական գիտությունների հանդեպ հատուկ կարողություններ, բայց նախ դարձավ հայրենիքի զինվոր, ու ամեն ինչ փոխվեց:
«Դեռ տասնմեկերորդ դասարանում էր, երբ մենք խոսեցինք, ես ասեցի՝ Վազգեն ջան, վերջիվերջո մեծանում ես, ի՞նչ նպատակ ունես, ի՞նչ հետաքրքրություններ ունես: Ինձ թվաց, թե կասի «Մարվել» եմ սիրում, շատ կինոներ: Հարցրի` ի՞նչն է քեզ երջանկություն բերում, պատասխանեց. «Պապ, ինձ համար ամենահաճելին այն է, որ որևէ մեկին լավություն եմ անում ու տեսնում եմ, որ աչքերը կարող են փայլել»,- հիշում է Վազգենի հայրը` Յուրի Գալստյանը:
Հենց այդ նպատակով ու նաև Վազգենին ապրեցնելու համար նրա անունով բացել են հիմնադրամ, որ կրթաթոշակ տրամադրեն ուսումնատենչ երեխաներին, ձեռք մեկնեն կրթության, գիտության և մշակութային կյանքին:
«Վազգենի տեսակն ինձ պարտադրում է, որ ես հավաքվեմ, ինքն ինձ ապրեցնի, որ ես իրեն ապրեցնեմ այս հիմնադրամի միջոցով, որպեսզի մյուս երիտասարդները, որոնք Վազգենի նման կրթության նվիրյալներ են, Վազգենը նույնիսկ նման վիճակով օգնի, որ կայանան»,- նշեց Վազգեն Գալստյանի մայրը` Նարինե Մայիլյանը:
Երիտասարդի ու 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղերքի հիշատակին երգ է ստեղծել կոմպոզիտոր էդգար Գյանջումյանը, իսկ բառերի հեղինակը Լևոն Բլբուլյանն է: Գյանջումյանը հիշում է`իր աչքի առաջ է մեծացել տղան, Վազգենի ֆիզիկամաթեմատիկական գիտելիքները չեն խանգարել, որ արվեստով զբաղվի… Ավարտել է Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի գալարափողի բաժինը:
«Երբեք չի եղել, որ որևիցէ մեկը անհարմարավետություն զգա նրա ներկայությամբ: Որտեղ որ նա լինում էր, ներկա էր, ամեն ինչ ներդաշնակ էր դառնում»,- հավելեց կոմպոզիտորը:
Ընկերները հիշում են՝ զգացմունքային տղան շատ զուսպ էր և փորձում էր ամեն ինչ անել, որ իրեն շրջապատող մարկանց օրը տոն դարձներ: Ասել է՝ եթե ամեն ինչ սրտին մոտ չընդունենք, ոչնչի չենք հասնի:
Մանրամասները` տեսանյութում:










