Երևանում կոտրել են հեռախոսների խանութի ապակին և թալանել այն. պարեկները, հետապնդելով գողերին, մեկին կարողացել են բռնել, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է գողոնը. shamshyan.com

11:50 • 28.10.21

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, ավագ պարեկներ Վարդան Նիկոլյանի և Ռուսլան Միրզոյանի գլխավորությամբ Արաբկիր վարչական տարածքում շրջագայություն կատարելիս նկատել են, որ Կոմիտասի պողոտայի թիվ  23 հասցեում գործող «allcell.am» հեռախոսների և պլանշետների խանութ-սրահի ապակին կոտրված է, և 2 հոգի կասկածելի պարկերով փորձում են հեռանալ այդ վայրից։ 

Պարեկները, հետապնդելով նրանց, կարողացել են մեկին բռնել, իսկ մյուսը շենքերի արանքով դիմել է փախուստի։  Բռնվածը պարեկների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

Արդեն դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավոությամբ, ովքեր դեպքի վայրում հայտնաբերել են այնտեղից գողացված հեռախոսներ, պլանշետներ, նոութբուքեր և այլ աքսեսուարներ։