Թուրքիան հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի վաճառել F-16-երը, Անկարան կգնի ռուսական Սու-35 և Սու-57 ինքնաթիռները
Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35 և Սու-57 ինքնաթիռներ գնելու հարցը, եթե ԱՄՆ-ն հրաժարվի արդիականացված F-16 ինքնաթիռների մատակարարումից։ Այս մասին CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Մեկնաբանելով մի խումբ ամերիկացի սենատորների դիմումը՝ Թուրքիային F-16-ի վաճառքից հրաժարվելու պահանջով, նախարարը նշել է, որ ԱՄՆ-ում Անկարայի դեմ տարբեր լոբբիներ են գործում։
«Այս հարցում գլխավորը Սպիտակ տան դիրքորոշումն է։ Ջո Բայդենի վարչակազմը կարող է համոզել Կոնգրեսին աջակցել Թուրքիային զենքի վաճառքին։ Եթե ԱՄՆ իշխանությունները հաստատակամ լինեն, ապա օրենսդիրները կաջակցեն որոշմանը»,- վստահ է Չավուշօղլուն։
Թուրք նախարարն ընդգծել է, որ Անկարան միշտ այլընտրանքներ ունի։
«Պաշտպանական արտադրանքի մի մասն այժմ արտադրվում է հենց Թուրքիայում, իսկ մի մասը ներմուծվում է։ Դա վերաբերում է նաև F-35-ի և F-16-ի գնմանը: Եթե ԱՄՆ-ն չի ցանկանում ինքնաթիռներ վաճառել Թուրքիային. վարչակազմը չաջակցի կամ Կոնգրեսն արգելափակի, ապա մենք կքննարկենք այլ տարբերակներ, այդ թվում՝ Սու-35 և Սու-57: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք սկսել սեփական ինքնաթիռների արտադրությունը»,- ասել է Չավուշօղլուն:










