Լատվիացի բժիշկը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսից կմահանան հիմնականում «ռուսախոս թոշակառուները»

20:27 • 29.10.21

Լատվիացի ընտանեկան բժիշկ Անդրիս Բաումանիսը Ir ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ մոտ ապագայում երկրին շատ մահեր են սպասվում կորոնավիրուսային վարակի պատճառով, գրում է eadaily.com-ը։

«Մահանալու են հիմնականում կենսաթոշակային տարիքի չպատվաստված ռուսախոս մարդիկ։ Դա ցինիկ է հնչում, բայց դա դրական ազդեցություն կունենա սոցիալական բյուջեի վրա, քանի որ յուրաքանչյուր մահացած բեռնաթափում է այն», - ասել է Բաումանիսը:

Ամսագրին տված հարցազրույցում բժիշկը նշել է, որ 60 տարեկանից բարձր չպատվաստված հիվանդների մեծ մասը ռուսախոս մարդիկ են, «որոնք սպասում են «Սպուտնիկ» պատվաստանյութին և ապրում են բոլորովին այլ տեղեկատվական տարածքում»։

Բաումանիսի խոսքով՝ Լատվիայի ռուսախոս բնակչությանը հնարավոր չի լինի պատվաստել։ Ըստ բժշկի կանխատեսումների՝ շուտով հիվանդանոցի բժիշկները կկանգնեն հարցի առաջ՝ ո՞ւմ փրկել։

«Տասը հիվանդ է բերվելու, հինգը 50 տարեկանից բարձր, հինգը՝ երիտասարդ։ Մահճակալները բավարար են հինգի համար։ 50-ն անց մարդիկ կուղարկվեն տուն՝ բուժման, իսկ ավելի երիտասարդներին, որոնք հետագայում կկարողանան հարկեր վճարել, կբուժեն։ 50-ն անցները կասեն, որ դա անմարդկային է: Բայց այլ տարբերակներ չեն լինի, և սա կսկսվի մի քանի օրից։ Մի կողմից դա մղձավանջ է, իսկ մյուս կողմից՝ բոլորը դա գիտեն»,- եզրափակել է բժիշկը։