Հռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել «արմատական» արձագանք տալ կլիմայական փոփոխություններին
Հատուկ BBC-ի համար ձայնագրված ուղերձում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին, որոնք հավաքվելու են Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի համաժողովի շրջանակում, «արդյունավետ պատասխաններ» գտել շրջակա միջավայրի հետկապված արտակարգ իրավիճակին և «կոնկրետ հույս» առաջարկել ապագա սերունդներին:
Պապը խոսել է ճգնաժամերի մասին, այդ թվում՝ Covid-19 համավարակի, կլիմայի փոփոխության և տնտեսական դժվարությունների մասին, և հորդորել է աշխարհին արձագանքել դրանց տեսլականով և արմատական որոշումներով, որպեսզի «չկորցնենք հնարավորությունները», որոնք ներկայացնում են այժմյան մարտահրավերները:
«Մենք չենք կարող դիմակայել այդ ճգնաժամերին՝ նահանջելով դեպի մեկուսացում, պրոտեկցիոնիզմ և շահագործում», - ասել է պոնտիֆիկոսը՝ հավելելով, որ քաղաքակրթությանն անհրաժեշտ է պատասխանատվության նոր զգացում կատարվողի համար, արդարության վրա հիմնված համերաշխություն և մարդկության ընդհանուր ճակատագրի զգացում:
Հռոմի պապի խոսքով՝ առողջապահության, էկոլոգիայի, սննդի մատակարարման, տնտեսության ճգնաժամերը փոխկապակցված են, և դրանց համակցությունը «կանխատեսում է կատարյալ փոթորիկ», որը կարող է ոչնչացնել ժամանակակից հասարակության սյուները։










