«Ի վերջո, մենք փորում ենք մեր գերեզմաններ». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ելույթը COP26 կլիմատիկ համաժողովում
Անցած վեց տարիները եղել են դիտումների ողջ ընթացքում ամենաշոգը, և նույնիսկ ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարի բոլոր խոստումների կատարումն առաջիկա տասնամյակներում կհանգեցնի մոլորակի ջերմաստիճանի ընդհանուր աճի ավելի քան 2 աստիճանով:
Ինչպես գրում է The Guardian-ը, այս մասին երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP26) կողմերի 26-րդ համաժողովում։
«Մեր կախվածությունը հանածո վառելիքից մարդկությանը մղում է դեպի անդունդ: Մենք կանգնած ենք կոշտ ընտրության առաջ՝ կամ կկանգնեցնենք այս գործընթացը, կամ այն կկանգնեցնի մեզ։ «Բավակա՛ն է» ասելու ժամանակն է: Դադարե՛ք ծաղրել կենսաբազմազանությունը, դադարե՛ք սպանել ինքներս մեզ ածխածնով, դադարե՛ք բնությանը վերաբերվել փոսի պես, դադարե՛ք այրել, փորել և հորատել ավելի ու ավելի խորը, ի վերջո, մենք փորում ենք մեր գերեզմանները: Կլիմայական խնդիրների վերաբերյալ վերջին հայտարարությունները կարող են տպավորություն ստեղծել, որ մենք պատրաստվում ենք շրջել իրավիճակը: Սա պատրանք է։ Ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարում երկրների ներդրման մասին վերջին զեկույցը ցույց է տալիս, որ աշխարհը գնում է դեպի ջերմաստիճանի աղետալի 2,7 աստիճանով բարձրացում։ Եվ նույնիսկ եթե հավատանք վերջին խոստումներին, և արդեն լուրջ հարցեր կան դրանց առնչությամբ, մենք դեռ գնում ենք դեպի կլիմայական աղետ: Նույնիսկ օպտիմալ սցենարի դեպքում ջերմաստիճանը կբարձրանա ավելի քան 2 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի»,-ասել է գլխավոր քարտուղարը:
Նոյեմբերի 1-ին Գլազգոյում իր հիմնական աշխատանքները կսկսի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը, որը կտևի երկու շաբաթ։ Այն պետք է կայանար անցյալ տարի, սակայն դրա ժամկետները փոխվել են COVID-19 համավարակի պատճառով։ Համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Գլազգո կժամանի մոտ 20 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 120 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։ Սպասվում է, որ այն կքննարկի ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարի երկրների պարտավորությունների խստացման հարցը։










