Հունաստանի Գերագույն վարչական դատարանը իրավաչափ է համարել դպրոցականների շրջանում կորոնավիրուսի թեստավորումը պարտադիր դարձնելու որոշումը

20:51 • 01.11.21

Հունաստանի Գերագույն վարչական դատարանը իրավաչափ է համարել դպրոցականների շրջանում կորոնավիրուսի թեստավորումը պարտադիր դարձնելու որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության պաշտոնական ներկայացուցիչ  Յանիս Իկոնոմին:

Նա նոյեմբերի 1-ին հրավիրված ճեպազրույցում հայտնել է, որ գործարկվել է պետական դպրոցների էլեկտրոնային հարթակ, որով վերահսկվելու է գործընթացը:

«Դատարանը մերժել է 62 ուսուցիչների ու աշակերտների ծնողների դիմումները, որոնցով նրանք խնդրում էին հետաձգել պարտադիր թեստավորման գործընթացը՝ գտնելով, որ պարտադիր թեստավորման մոտեցումը հանրային առողջության շահերից է բխում»,-նշել է Իկոնոմը:

Նա հայտնել է, որ դպրոցականները դեղատներից կարող են շաբաթ օրերին անվճար ձեռքբերել 5 թեստից բաղկացած հատուկ փաթեթ: