Googlе-ն արգելափակել է Բելառուսի Քննչական կոմիտեի յութուբյան ալիքը  

16:31 • 02.11.21

 

Բելառուսի Քննչական կոմիտեի յութուբյան ալիքն արգելափակվել է Googlе-ի կողմից՝ կապված հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցների հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Գոնչարովան:

«Պաշտոնական էջի հետ միասին արգելափակվել է նաև դրան կից գերատեսչության յութուբյան ալիքը, որն ավելի քան 23 000 բաժանորդ ունի»,- նշել է Գոնչարովան:

Վերջինս տեղեկացրել է, որ ալիքը տեսատեղեկություններ է պարունակում՝ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարություններով, տեսանյութեր հնչեղ քրեական գործերի վերաբերյալ:

ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ չեն ընդունում Բելառուսում անցյալ տարի կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և այդ պատճառով պատժամիջոցներ են սահմանում երկրի նկատմամբ: Ներկա պահին ԵՄ-ն անհատական պատժամիջոցների 4 փաթեթ է սահմանել, որոնց ազդեցությունը տարածվում է 166 ֆիզիկական և 15 իրավաբանական անձանց վրա: