Համաշխարհային առաջնորդները խոստացել են մինչև 2030 թվականը վերջ դնել անտառահատումներին

15:24 • 02.11.21

Համաշխարհային առաջնորդներից ավելի քան 100-ը խոստացել են մինչև 2030 թվականը վերջ տալ անտառահատումներին և հակառակ գործընթաց սկսել: Ինչպես փոխանցում է BBC News-ը, ղեկավարները նման համաձայնության են եղել ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովի ժամանակ:

Համաձայնության շրջանակում նախատեսվում է 14 մլրդ ֆունտ ստերլինգ (19,2 մլրդ դոլար) հատկացնել անտառների փրկությանը: Դա ներառում է պետական և մասնավոր հիմնադրամներից հատկացվելիք միջոցները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը հյուրընկալում է համաժողովը Գլազգոյում, երեքշաբթի ձեռք բերված համաձայնությունն անվանել է «պատմական համաձայնագիր՝ ուղղված մոլորակի անտառների պաշտպանությանն ու վերականգնմանը»:

Ինչպես հաղորդվում է, այդ գործարքի շրջանակում ԱՄՆ-ն Կոնգրեսի կողմից որոշման հաստատման դեպքում մտադիր է մինչև 9 մլրդ դոլար հատկացնել անտառների պահպանմանը: