ՀՀ-ում արցախցիների համար լայնածավալ հյուրընկալության կարիք չկա, հյուրընկալներին տրվող գումարները այժմ տրվելու են արցախցիներին. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (տեսանյութ)
ՀՀ-ում այս պահին արցախցիների համար լայնածավալ հյուրընկալության կարիք չկա, և եթե նախկինում հյուրընկալին էինք վճարում, ապա այժմ գումարը տրամադրելու ենք արցախցիներին, որոնք կկարողանան իրենք որոշել, թե ինչ են անելու անելու այդ գումարի հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա նշեց, որ այդ գումարների չափը կազմում են 50.000 դրամ և 24.000 դրամ։
Հարցին` արդյոք բավարար համարում է այդ գումարը արցախցիների նվազագույն կարիքները հոգալու համար, Մկրտչյանը նշեց.
«Մենք նաև իրականացնում ենք զբաղվածության երկու ծրագիր, մասնավոր ոլորտի մեր գործընկերների հետ համագործակցությամբ փորձում ենք լուծել իրենց խնդիրները։ Ծրագրում նշված են հստակ թիրախները։ Ժամանակ առ ժամանակ մենք հանդիպումներ ենք ունենում արցախցիների հետ, լսում նրանց բողոքները, կապի մեջ ենք Արցախի Հանրապետության մեր գործընկերների հետ, ունեցել ենք հանդիպումներ, որոնց մասնակցել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը, ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը, որի ժամանակ քննարկվել են մի շարք խնդիրներ։ Այստեղ շարունակելու ենք բնակարանային ապահովման խնդիրները լուծել այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում այդ հարցը չի լուծվել»։
Մկրտչյանը նշեց, որ արցախցի վերաբնակեցվածների համար նախատեսված է բնակարանային ծրագիր։
«Այս պահին Արցախում ապրում են ավելի քան 100.000 մեր հայրենակիցները, և նրանք բոլորը գտնվում են միևնույն անվտանգային միջավայրում, որևէ մեկին ավել կամ պակաս անվտանգության երաշխիք տրված չէ»,- նշեց Մկրտչյանը։










