Հանրահայտ հրեա դիրիժոր Իտայ Թալգամը ելույթ է ունեցել «Առաջնորդության սիմֆոնիա» համաժողովին (տեսանյութ)
«Լավ առաջնորդ լինելու համար պետք է իմանաս՝ ով ես դու, ովքեր են քո դիմացինները և ուր ես նրանց տանում»,- «Առաջնորդության սիմֆոնիա» համաժողովի հազարից ավելի մասնակիցներին իր փորձն է փոխանցել երաժշտական աշխարհում հայտնի հրեա դիրիժոր, TEDx խոսնակ Իտայ Թալգամը:
«Նպատակս է օրինակներ բերելու միջոցով ցույց տալ հիասքանչ դիրիժորներին գործողության՝ աշխատանքի մեջ, թե ինչպես են անում, որ նրանց քայլերի շնորհիվ հրաշք է ստեղծվում. նրանց ղեկավարած նվագախմբի երաժիշտները միավորվելով՝ լավագույն հարմոնիան են ապահովում առանց բառ անգամ ասելու»,- ասել է Իտայ Թալգամը:
Համաժողովն անցկացվեց «3 խոսնակ + 3 երաժշտական համար» նոր ձևաչափով: Հանդիսատեսը խոսնակներից մեկին լավ ծանոթ է, հատկապես TEDx-ի ելույթներին հետևողները: Ժոզե Փիրանյանը խոսքի արատ ունի՝ կակազում է, բայց ասում է՝ հենց դա է իրեն ուժ տվել, ոգեշնչել ու ոգևորել իր ունկնդիրներին. «Ես մարդկանց մեծ ուրախությամբ ասում եմ, որ նորմալ է տարբերվել մյուսներից, իսկ դրա համար նախևառաջ պետք է հաղթահարել սեփական վախերը»:
Միջոցառման կազմակերպիչ «Cascade People & Business» ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը տեղեկացրել է՝ Ժոզեին հատուկ են հրավիրել, քանի որ իրենց գրավել է նրա մտքերց մեկը, որը առաջնորդության հաջողության համար կարևոր գործիք է. «Մենք բոլորս ներքուստ կակազում ենք, ոմանց մոտ դա արտահայտվում է արտաքինից, ոմանց մոտ չի երևում: Ներքին կակազելու դեմ պայքարը շատ հատկանշական է, որ նա այստեղ է»:
«Մինչ այս մեր բոլոր համաժողովները սերտորեն կապված են եղել մարդկային ռեսուրսների ոլորտի հետ, բայց այս անգամ ցանկացանք ավելի ընդգրկուն նախաձեռնությամբ հանդես գալ: Այս համաժողովը վերջին տասը տարիների քրտնաջան աշխատանքի ամփոփումն է, որի նպատակն էր դրդել բոլորին դահլիճից հեռանալ այս արդիական թեմայի շուրջ սեփական մտորումներով և բացահայտումներով։ Մեր խնդիրն «առաջնորդություն» հասկացությունը բացատրելը չէր, այլ որ բոլորս խորհենք թեմայի շուրջ՝ անկախ մասնագիտությունից, նախասիրություններից, ապագայի մասին պատկերացումներից և, իհարկե, տարիքային խմբից՝ այդպիսով տարբեր սերունդների միջև կամուրջ կառուցելով»,-նշել է Արփի Կարապետյանը:
Համաժողովի մասնակիցները 8 ժամ լսեցին, տեսան ու զգացին առաջնորդությունը, որի ղեկի ճիշտ կառավարումը հարված է հաջողության նշանակետին:










