Գովազդի մասին օրենքի նախագծի մասին լսելիս տպավորություն չի ստեղծվում, թե որևէ մեկը մտածել է մամուլի մասին․ դրա դեմ հերթական հարվածն է՝ «նոկաուտին» մոտ «նոկդաուն»․ Արկադի Գրիգորյան (տեսանյութ)
Այս օրենքի նախագծի մասին լսելիս որևէ տպավորություն չի ստեղծվում, որ որևէ մեկը մտածել է Հայաստանում մամուլի մասին․ գլխավոր տուժողները հիմա նստած են դահլիճում՝ բուքմեյքերական ընկերությունները, գովազդ արտադրողները, գովազդ տեղադրողները՝ ի դեմս մամուլի։ Այս մասին ԱԺ-ում մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ «Գովազդի մասին» օրենքի քննարկմանն ասաց Tert.am կայքի գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյանը։
«Որևէ մեկը չի մտածել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նպատակները հեռուն գնացող են։ Այն մամուլի դեմ (որը չի զբաղվում քարոզչությամբ այլ իրականում կատարում է մամուլի աշխատանք) հերթական հարվածն է՝ «նոկաուտին» մոտ «նոկդաուն», մինչ այժմ էլ այլ ոլորտի մի քանի օրինագծեր տանում էին դրան»,-հայտարարեց Գրիգորյանը։
Անդրադառնալով նախագծի հեղինակների այն դիտարկումներին, թե կան, այսպես կոչված, փորձված խաղացողներ, որոնց գովազդը չի հետաքրքրում, և գայթակվողներ, Գրիգորյանն ասաց․ «Ով ու ինչ մեթոդիկայով է հաշվել՝ քանիսն են գայթակղվող, քանիսը՝ միշտ խաղացող։ Օրինակ՝ 95 տոկոս դեպքերում մարդիկ Tert.am մտնում են լուրջ վերլուծություն, օրվա լրահոս կարդալու համար»,-ասաց լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը։
Նրա խոսքով՝ որոշ հեռուստառադիոընկերություններում գովազդային մուտքերի՝ շահումով խաղերից ստացվածները կազմում են մինչև 15 տոկոս։
«Սահմանափակումներ մինչ այժմ էլ կիրառվել ենք, մենք որոշակի ժամերի ենք տեղադրել որոշ գովազդներ»,-նշեց նա։
Գրիգորյանի դիտարկմամբ՝ ներկայացվում են Գովազդի մասին օրենքի՝ Լատվիայի ու Ֆինլանդիայի օրինակները, ինչը սխալ է․ «Հայաստանն իր տնտեսական կառուցվածքով ու հնարավորություններով ուղղակի չի կարելի համեմատել Լատվիայի ու Ֆինլանդիայի հետ։ Հայաստանում գովազդային շուկայի «առյուծի բաժինը» բուքմեյքերական ընկերություններինն է։ Չունենք այլ ընկերություն, որից կսնվեն լրատվական կայքերն ու հեռուստաընկերությունները։ Երբ Հայաստանում կլինի այդ գովազդատուն, այդ դեպքում համեմատեք Ֆինլանդիայի ու Լատվիայի հետ»,-ասաց նա։
Վերջինս հավելեց՝ մամուլը միշտ պատրաստ է պետության հետ համագործակցել։ «Գումար հատկացրեք, սոցիալական արշավ սկսեք և՛ կայքերում, և՛ հեռուստաընկերություններում։ Գումարի տեղն էլ կարող ենք հուշել՝ օրինակ՝ Գլխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձը կարելի է բարձրացնել 3 տարի հետո, չեն նեղվի»,-ասաց նա։










