ՌԴ ՊՆ-ն ապակայունացնող Է որակել Սև ծովում ԱՄՆ-ի արտապլանային ակտիվությունը

18:19 • 09.11.21

ՌԴ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի զինվորականներին մեղադրել է Սև ծովի տարածաշրջանում ռուսաստանյան սահմանի հարևանությամբ համախմբումը մեծացնելու և ապակայունացնող գործողություններ կատարելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշում են, որ խոսքն ԱՄՆ-ի ուժերի արտապլանային գործողությունների մասին է, որոնք զինված ուժերի բազմազգ խմբավորում են ստեղծում Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում»,-ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Նմանօրինակ գործողություններն ապակայունացնող գործոն են Սևծովյան տարածաշրջանում, որոնց նպատակներից մեկն Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն է»,-հայտարարել են պաշտպանության նախարարությունում:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 30-ից Սև ծովի ջրատարածքում է գտնվում թևավոր հրթիռներով համալրված Porter ամերիկյան էսկադրային ականակիրը, նոյեմբերի 3-ին ջրատարածք է մտել John Lenthall լցանավը, նոյեմբերի 4-ին՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Mount Whitney նավը:

«Նոյեմբերի 6-ին Սև ծովի ջրատարածքի վրա ռազմավարական ռմբակոծիչ օդուժի կիրառման միջոցների կատարելագործման նպատակով Ռուսաստանի Դաշնության պետական սահմաններից  շուրջ 100 կիլոմետր հեռավորությամբ կատարվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները»,-ասվում է ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը ժամանել են մասնակցելու Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի միավորված հրամանատարությամբ Սևծովյան տարածաշրջանում անցկացվող բազմազգ զորավարժություններին:

«Ռուսաստանի զինված ուժերը մշտական դիտարկումներ են անցկացնում և վերահսկում իրադրությունը»,-հայտարարել են ՌԴ ՊՆ-ում: Գերատեսչության տվյալներով՝ Porter էսկադրային ականակիրը և Mount Whitney շտաբային նավը գտնվում են Բաթումի նավահանգստում (Վրաստան), John LenthalI լցանավը՝ Սև ծովի հարավարևմտյան մասում: