Թբիլիսիում Սաակաշվիլիի աջակցության ցույցերի ժամանակ 46 մարդ է բերման ենթարկվել. Վրաստանի ՆԳՆ
Թբիլիսիում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աջակցող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 46 մարդ, ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Առավոտյան Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում տարբեր վայրերում՝ Պետական անվտանգության ծառայության, արդարադատության և առողջապահության նախարարության շենքերի մոտ։ Ցուցարարները պահանջում են նախկին նախագահին ազատ արձակել բանտից, ինչպես նաև նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Հիշեցնենք, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան երեկ երեկոյան տեղեկացրել էր աջակիցներին այսօրվա անելիքների մասին։
«Առավոտյան բողոքի ակցիա ենք կազմակերպելու ամբողջ Թբիլիսիով մեկ։ Մենք կանենք այն, ինչ նախկինում երբեք չեն արել քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները, ինչը մեզ բնորոշ չէ։ Մենք սովոր ենք մի կետում կռվել, և դա իշխանություններին թույլ էր տալիս շունչ քաշել, բայց հիմա հակառակն ենք անելու և աստիճանաբար կավելացնենք տեղանքները, մինչև ամբողջ Թբիլիսին ծածկվի ակցիաներով», - ասել էր Մելիան։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:
Հիշեցնենք, որ երեկ Սաակշվիլին հոսպիտալացվել է բանտային հիվանդանոց:










