Ոստիկանական շարասյուները շարունակում են շրջափակված պահել Կառավարության շենքը․ ակցիայի մասնակից պատգամավորները կառավարության անդամներին հարցեր կուղղեն ԱԺ-ում (տեսանյութ)

10:56 • 11.11.21

 13:40

Ոստիկանական շարասյուները շարունակում են շրջափակված պահել Կառավարության շենքը։ Բողոքի ակցիային մասնակցող մի շարք քաղաքացիներ բերման ենթարկվեցին։

Նրանցից որևէ մեկին, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներին, չհաջողվեց մուտք գործել Կառավարության շենք։

Նրանք հայտարարեցին, որ կառավարության անդամներին ուղղված հարցերը, միևնույն է, անպատասխան չեն մնա։ Այսօր՝ ժամը 14։00-ին, ԱԺ-ում հրատապ աշխատանքային քննարկում կկայանա, որին հրավիրված են նաև Կառավարության ներկայացուցիչներ։

13:10

Ոստիկանական շարասյուները շարունակում են շրջափակված պահել Կառավարության շենքը։ Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց, տարեցներին։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան»։

Տարածքում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, ում հարցը, թե որն է քաղաքացիներին բերման ենթարկելու իրավական հիմքը, մնաց անպատասխան։ Նրա խոսքով՝ քաղաքացիներին բերման ենթարկլու որևէ հիմք չկա։

Քիչ անց նրան մոտեցավ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը և ասաց, թե բերման ենթարկելու պատճառը ոստիկանի օրինական պահանջը չկատարելն է։

 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Կառավարության մոտ ընթացող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ ոստիկանները արհեստական պատճառաբանությամբ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Կառավարության շենք։

«Այս Կառավարությունն ավելի շատ վախենում է իր քաղաքացիներից։ Վախենում է, քանի որ գիտակցում է, որ իր քաղաքացիների համար այս Կառավարությունը կապիտուլյանտ, հողատու, դավաճան է։ Իրենք վախենում իրենց քաղաքացիներից, քան թշնամուց։ Թշնամու առաջ վաղուց արդեն ծնկել են, դրա համար ծնկածի հոգեբանությամբ պատրաստ են թշնամու առաջ ամեն ինչ զիջել»,-հայտարարեց Մանուկյանը՝ նշելով, թե ցանկանում էին Կառավարությունում հայտարարել, որ այս իշխանությունները վաղուց դադարել են ժողովրդի անվտանգության, ինքնիշխանության երաշխավորը լինել։

Մանուկյանը հայտարարեց, որ թեև կառավարություն մուտք չեն գործել, միևնույն է, կառավարության անդամները պատասխան են տալու։

«Այսօր՝ ժամը 14։00-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրել է հրատապ կարգով նիստ՝ երեկ կեսգիշերից ՀՀ սուվերեն տարածքում թշնամական մաքսային և ոստիկականական կետեր տեղադրելու և այս իշխանության կողմից այդ ամենը թույլ տալու հարցերը քննարկելու համար։ Հատուկ հաշվետվության են կանչվել նաև Կառավարության ներկայացուցիչներ»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։