Ուկրաինան «իր անկախությունը պաշտպանելու նպատակով» Թուրքիայից կգնի «Բայրաքթար» անօդաչուների նոր խմբաքանակ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաջորդ տարի Թուրքիայից ձեռք կբերի «Բայրաքթար» անօդաչու սարքերի նոր խմբաքանակ՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, տեղեկացնում է պաշտպանության գերատեսչությունը։
«Մեր թուրք գործընկերները հրապարակայնորեն հայտարարել են, որ վերցնում են ուկրաինական շարժիչներ՝ «Բայրաքթար»-ը վերազինելու համար: Մենք նախատեսում ենք լրացուցիչ խմբաքանակ գնել հաջորդ տարի: Բայց դա կլինի ուկրաինական «Բայրաքթար», շեշտում եմ: Այսինքն՝ արտադրված Թուրքիայում, բայց դրանք կլինեն ուկրաինական և կծառայեն Ուկրաինայի զինված ուժերում»,- ասել է Ռեզնիկովը:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «Բայրաքթար» անօդաչու սարքերը կօգտագործվեն «քանի որ իրենք պետք է պաշտպանեն իրենց անկախությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Դոնբասում զինված ուժերն առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարք։










