Վրաստանում չեն բացառել դաշտային հիվանդանոցների բացումը COVID-19-ով հիվանդների համար

15:30 • 14.11.21

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին երկրի հիվանդանոցային ոլորտը գտնվում է եզրագծին։ Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին հանրապետության հիվանդանոցներում COVID-19-ով բուժվում է 6838 մարդ, 1717 մահճակալը մնում է ազատ։ Միաժամանակ լրատվամիջոցները հայտնում են, որ խոշոր քաղաքների հիվանդանոցները լեփ-լեցուն են, գրում է newsgeorgia.ge-ն։

«Հիվանդանոցային ոլորտը գերծանրաբեռնված է և եզրին է: Խոսքը վերաբերում է ոչ միայն մահճակալներին, այլ բժիշկներին, բուժքույրերին, բուժանձնակազմին, որոնք սպասարկում են հիվանդներին»,- ասել է Գամկրելիձեն:

Նա չի բացառել, որ մոտ ապագայում Վրաստանում կարող են վերաբացվել դաշտային հիվանդանոցները:

«Եթե ամեն օր 4-5 հազար դեպք ունենանք, բնականաբար, բժշկական ոլորտը կծանրաբեռնվի, տեղ չի լինի։ Դաշտային հիվանդանոցները նույնպես բժշկական ծառայությունների մատուցման սեգմենտներից են, և դրանք պետք է բացվեն», - ասել է Գամկրելիձեն։