«Իրավիճակը վտանգավոր է». Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին նախազգուշացրել է «հետագա սադրանքների» առնչությամբ

21:10 • 15.11.21

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Մոսկվային նախազգուշացրել է «ցանկացած հետագա սադրանքների կամ ագրեսիվ գործողությունների դեմ» այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնյաները նախազգուշացորել են, որ Ռուսաստանը կարող է պատրաստվել ձմեռային հարձակման Ուկրաինայում, գրում է The Guardian-ը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ ասել էր, որ Ռուսաստանը մոտ 100 000 զինվոր է կուտակել Ուկրաինայի սահմանի մոտ, մինչդեռ Վաշինգտոնն այս ամենի ֆոնին նախազգուշացրել է, որ Մոսկվան կարող է «փորձել վերսկսել» իր 2014 թվականի «ներխուժումը»։

«Մենք տեսել ենք ռուսական ուժերի մեծ և անսովոր կենտրոնացումներ Ուկրաինայի սահմանների մոտ: ՆԱՏՕ-ն շարունակում է զգոն մնալ... Ռուսաստանի կողմից ցանկացած հետագա սադրանք կամ ագրեսիվ գործողություն լուրջ անհանգստություն կառաջացնի: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում թափանցիկ լինել իր ռազմական գործողությունների հարցում»,-Մոսկվային նախազգուշացրել է Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգի խոսքերը հնչել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ, որտեղ նրանք քննարկել են «Ուկրաինայում և նրա շրջակայքում անվտանգության իրավիճակը»:

«Մենք պետք է իրատես լինենք մեր առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ: Եվ այն, ինչ մենք տեսնում ենք, զգալի, մեծ ռուսական ռազմական կուտակում է», - ասել է Ստոլտենբերգը:

Չնայած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ չի ցանկանում ենթադրություններ անել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրությունների մասին, նա իրավիճակը անվանել է «վտանգավոր» և ասել, որ դա թույլ կտա Ռուսաստանին հարձակողական գործողություններ սկսել կարճ ժամանակում:

Միևնույն ժամանակ Ռուսաստանը հերքել է, որ Ուկրաինայի դեմ հարձակողական գործողություններ սկսելու ծրագրեր ունի: