Իրավական տեսանկյունից մանդատները վայր դնելը ԱԺ-ում ճգնաժամ չի ստեղծի, եթե այն օրհասական խնդիրների հանգուցալուծում բերի, վստահ եմ`մեր խմբակցությունը կգնա այդ քայլին. Էլինար Վարդանյան (տեսանյութ)

16:41 • 16.11.21

Նախորդ տարի, երբ Ջերմուկի հատվածում սկսեցին ադրբեջանական ուժերի ամրակայումները, շատ լուրջ վերլուծություն պետք չէր անել, որպեսզի հասկանայինք` Ադրբեջանն առաջիկայում սկսելու է ջանքեր գործադրել այդտեղից Սյունիքը կտրելու համար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Այսօրվա մարտական գործողությունները, որ տեղի են ունենում, ապացուցում են այդ մտահոգությունը։ ՀՀ-ում այսօր պահին չիշխանության ճգնաժամ է։ Այն հանգամանքը, որ ՀՀ-ում 2018 թ.-ից սկսած 4 պաշտպանության նախարար են փոխել, 5 ԱԱԾ պետ են փոխել, ՊԲ ղեկավարներ են փոխվել, խոսում է նրա մասին, որ այս իշխանությունները լուրջ չեն վերաբերվում ՀՀ-ին»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանի կարծքիով` այսօրվա հարձակման պատճառը պաշտպանության նախարարի հերթական փոփոխությունն էր։

«Ադրբեջանցիները, հասկանալով, որ պաշտպանության նախարար է նշանակվել մի մարդ, որը չի տիրապետում ոլորտին, ձեռնամուխ են լինում այսպիսի հարձակման։ Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, խոսում է նրա մասին, որ իշխանությունները ոչ միայն չեն տիրապետում իրավիճակին, այլևս չունեն ռեալ հնարավորություններ հակազդելու այն գործողություններին, որ իրականացնում է Ադրբեջանը»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով ընդդիմության կողմից մանդատները վայր դնելուն՝ Վարդանյանը նշեց.

«Եթե այս պահին մանդատները վայր դնելը կտանի օրհասական խնդիրների հանգուցալուծմանը, վստահ եմ, որ չկա որևէ պատգամավոր, որը չի դիմի այդ քայլին։ Իրավական տեսանկյունից մանդատները վայր դնելը իրավական ճգնաժամ ԱԺ-ում չի ստեղծելու, բայց այն պահին, երբ դա իրական հանգուցալուծում կբերի, վստահ եմ, որ մեր խմբակցությունը կգնա այդ քայլին»։

Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունը տեղի ունեցողի վերաբերյալ տեղեկություններին չի տիրապետում այնպես, ինչպես այս պահին ԱԺ-ում գտնվող իշխանական պատգամավորները։ «ԱԺ-ն իշխանական պատգամավորների միջոցով իրականացնում է կցորդի ֆունկցիա։ Ամբիոնից հոխորտալով հայտարարություններ անել, ՀԱՊԿ-ին դիմել, ՌԴ-ին սպառնալ և նման հայտարարությունները հարցի լուծում չեն։ Սնդիկի օրենքը քննարկելու ժամանակ վեր կենալ և քննադատել դաշնակիցներին, որ չեն օգնում, տեր չեն կանգնում, խոսում է այն մասին, որ իշխանական պատգամավորները չեն տիրապետում իրավիճակին»,- նշեց Վարդանյանը։