ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակման հարցով դիմում ենք ՌԴ-ին՝ մեր միջև եղած պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով․ ՀՀ պետական սահմանը ՌԴ համար կարմիր գիծ է․ԱԽ քարտուղար

16:00 • 16.11.21

Այսօր՝ ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ և փորձել են ամբողջ սահմանի երկայնքով սրել իրադրությունը։  Այս մասին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այս պահին դեռ շարունակում են մարտական գործողություններ ընթանալ, և ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով»,-հայտնել է նա։

Դիտարկմանը, թե ԱԽ երեկվա հայտարության մեջ նշվել է, որ ադրբեջանցիներն անցել են հարձակման, զրահատեխնիկա են կիրառել, հայկական կողմը, ի պատասխան, կրակ է բացել, և 4 դիրքից հայկական կողմը հետ է եկել, զուգահեռաբար նաև ադրբեջանական կողմն է այդ 4 դիրքը լքել, սակայն մայիսի 12-ից ՀՀ-ում գտնվող ադրբեջանական ուժերը դեռևս ՀՀ տարածքում են, և հարցին՝ այս հարձակման ժամանակ Ադրբեջանը նո՞ր ուժեր է ներգրավել, թե՞ մայիսի 12-ին Հայաստանում գտնվող ուժերն են ներգրավված, Գրիգորյանը պատասխանել է․

«Մայիսի 12-ից սկսած ՀՀ սուվերեն տարածքում խախտումով գտնվում են Ադրբեջանի զինված ուժերը։ Այսօրվա սրացումը կապված է նաև Ադրբեջանի կողմից հավելյալ զրահետեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ, բայց նրանք փորձել են օգտագործել նաև ՀՀ սուվերեն տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈւ-ն։ Այս համատեքստում մենք կարևոր ենք համարում ընդգծել, որ քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող  1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»,-ասել է նա։

Հարցին՝ սա պարզապես բանավո՞ր դիմում է, թե՞ համապատասխան ընթացակարգ կա, Գրիգորյանը պատասխանել է, թե բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։

«Բայց մենք ուզում ենք հանրությանն ու մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում։ Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու։ Բազմաթիվ անգամ խոսվել է, որ ՀՀ պետական սահմանը հանդիսանում է կարմիր գիծ ՌԴ-ի համար, և մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները խախտել են այդ կարմիր գիծը։ Այս առումով մենք դիմում ենք մեր դաշնակցին, որ կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակում վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։

Հարցին՝ այդ օգնությունը ենթադրում է բանակցային գործընթացներում ներգրավվածությու՞ն, թե՞ ԶՈւ-ով օգնություն, Գրիգորյանը պատասխանել է․ «Եթե հնարավոր լինի այս ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, ապա լուծել այդպես, եթե բանակցային ճանապարհով հնարավոր չի լինում լուծել, ապա տրամադրել ՀՀ-ին բավական ռազմական օգնություն, որ ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել»,-հայտարարել է ԱԽ քարտուղարը։