Կապանի և Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ, համայնքները կապահովվեն առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներով. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

11:57 • 17.11.21

Երեկ մեր թիմը եղել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներում, տեղում գնահատվել է և' մարդկային ներուժը, և' տեղում առկա բոլոր բժշկական ապահովվածության գծագրությունները։ Այս համայնքներն ամբողջովին կապահովվեն առաջին բժշկական օգնության անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ընկած մի շարք գյուղերում, ստեղծված իրավիճակով պայմանավորված, առաջացած մատակարարման և բժշկական օգնության հասանելիության խնդիրներին։

«Ե՛վ Կապանի, և՛ Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ, դրանք արդեն իսկ տրամադրվել են, լրացուցիչ ևս կտրամադրվեն և այդ համայնքի բնակիչների առողջական խնդիրների բուժման ապահովումը կկազմակերպվի»։

Ավանեսյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ Սյունիքում մարտական գործողությունների հետեւանքով վիրավորված զինծառայողների վերաբերյալ։

Նա նշեց, որ Հայաստանը գտնվում է քովիդով հիվանդացության նվազման ընթացքի մեջ։

«Ցավոք սրտի, ծանր դեպքերի և մահվան ելքով դեպքերի նվազումը ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետ է, և պահպանվում են մահվան բարձր ցուցանիշները, հույս ունենք՝ առաջիկա մեկ շաբաթում այն ևս կնվազի։ Որևէ սպասող անձ չունենք այս պահին, և կարիք է լինում հոսպիտալացման, այդ պահին անում ենք, ինչը շատ կարևոր է»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։