Այս հրադադարը փխրուն է, ամեն պահի կարող են վերսկսել մարտական գործողությունները. Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
Չի կարող միջանցք տրամադրվել Ադրբեջանի Հանրապետությանը, ուժով մեր թշնամի երկիր Ադրբեջանը չի կարող ստանալ այդ միջանցքը, սա արդեն կվերածվի լայնածավալ պատերազմի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«ՀՀ-ն և մեր ժողովուրդը չի հանդուրժելու ոտնձգությունը մեր երկրի նկատմամբ։ Հիմա փորձում ենք հրադադարի հասնել և առաջ անցնել խաղաղ ճանապարհով, բայց եթե թշնամական ոտնձգությունները շարունակվեն, սա չի հանդուրժվելու, որևէ մեկը չի հանդուրժելու ՀՀ տարածքի վրա հարձակումը։ Մեր համբերությունն էլ սահման ունի, մեր ժողովրդի համբերությունն էլ սահման ունի։ Անկախ ամեն ինչից ռազմական առավելությունից ելնելով` Սյունիքում թշնամին այևս որևէ հաջողության չի կարող հասնել»,- ասաց Խաչատրյանը:
Հարցին` արդյո՞ք հարձակման նպատակը կարող էր լինել միջանցքի տրամադրումը, Խաչատրյանը չբացառեց` նշելով, որ դա կարող է տարբերակներից մեկը լինել։
Անդրադառնալով զոհերի վերաբերյալ Էդուարդ Աղաջանյանի և ՊՆ-ի`միմյանց հակասող տեղեկություններին`Խաչատրյանը նշեց. «Պատերազմական իրավիճակ է, կապ է կորել, ճշտումների խնդիր կա։ Ես հենց այս պահին չեմ կարող հնչեցնել որևէ թվեր։ Այս պահին հրադադար է, այո, կան դիրքեր, որոնք հետ ենք վերցրել, բայց, թե որտեղ, ինչ ուժեր են կենտրոնացած, նպատակահարմար չեմ գտնում հրապարակել»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին դիմելուն՝ Խաչատրյանը նշեց, որ ՌԴ-ին դիմել են պաշտոնապես, իսկ ՀԱՊԿ-ին`բանավոր կերպով։ «Հայաստանը շարունակում է ասել, որ միջանցք չի լինելու, և որևէ մեկը այդ խնդիրը ուժով չի կարող լուծել։ Այս հրադադարը փխրուն է, և ամեն պահի կարող են վերսկսել մարտական գործողությունները»,- ասաց Արմեն Խաչատրյանը։










