Վեց գյուղերի բոլոր 250 ընտանիքներին համապատասխան աջակցություն է ցուցաբերվել․ Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանական մաքսակետեր տեղակայելուց հետո ճանապարհի խնդիր ունեցող գյուղերի մասին (տեսանյութ)

10:59 • 18.11.21

Այսօր կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհներին և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացք ունեն աշխատանքները։

«Մենք պարբերաբար սոցիալական ցանցերում, մամուլում տեսնում ենք պնդումներ, թե Սյունիքի մարզում կան գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ։ Հիմա մենք ունե՞նք գյուղեր, թե չունենք գյուղեր, որոնք շրջափակման մեջ են և եթե չունենք, ուրեմն որտեղից է այդ տեղեկատվությունն ամենօրյա ռեժիմով շրջանառվում մամուլում և սոցիալական ցանցերում»,–ասաց նա։

Գնել Սանոսյանն ասաց, որ փաստացի մենք ունենք 7 ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում ենք։ «Տաթև–Աղվանին ավարտված է, երթևեկում են, նորմալ է, նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկրորդ շենքն է տեղադրված, գարնանը եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք, և երրորդ շերտը կտեղադրվի»,–ասաց նա և նշեց, որ մյուս վեց հատվածներում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան։ Նա նշեց, որ նույն Շուռնուխ գյուղը առնվազն երկու ճանապարհ ունի։

Նիկոլ Փաշինյաննը արձագանքեց․ «Մեր պլանը հետևյալն է, որ դեպի գյուղեր տանող ուղղություններով մենք օր առաջ ունենանք գրունտային վիճակում գտնվող ճանապարհ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար և բոլոր եղանակներին։ Շինարարության սեզոնի մեկնարկին պես մենք այդ ճանապարհները կասֆալտապատենք»։ Նա նշեց, որ ևս մեկ-երկու լրացուցիչ ճանապարհ կառուցելու ծրագիր ունեն, բայց հրատապ չեն դրանք։ Փաշինյանն  ասաց, որ դեպի բնակավայրեր տանող ճանապարհները գրունտային լավ վիճակի բերելու համար 10–15 օրվա աշխատանք է պետք, գուցե ավելի երկար որոշ հատվածներում։

«Մենք արձանագրում ենք, որ չկա բնակավայր, որ ընդհանրապես կտրված կամ շրջափակման մեջ լինի»,–ասաց նա, և Գնել Սանոսյանը հաստատեց։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ ճանապարհի ժամանակավոր երկարացման կապակցությամբ վեց գյուղերի ընտանիքներին հատկացրել են բենզին, վառելիքի համար գումար։ «Նաև լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի ժամանակավոր լոգիստիկ դժվարությունները հնարավորինս կոմպենսացնենք, և մեր հայրենակիցները լրացուցիչ դժվարություններ չունենան։ Վեց գյուղերի բոլոր 250 ընտանիքներին համապատասխան աջակցություն է ցուցաբերվել»,–ասաց նա։