Համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն իր իմաստն ընդհանրապես կկորցնի․ Վահան Քերոբյանը՝ հունվարի 5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու մասին (տեսանյութ)

12:05 • 18.11.21

Ես չեմ ասել, որ Մայր Աթոռի հետ քննարկումներ ենք արել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Ամանորի ոչ աշխատանքային օրերի կրճատմանը։

«Իրենք խնդրում էին, որ հունվարի 5-ը և 7-ը ևս լինեն ոչ աշխատանքային։ Այդ հարցը քննարկվել է թիմի ներսում, կուսակցության հետ, և մենք համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն իր իմաստն ընդհանրապես կկորցնի։ Այդ տեսանկյունից ոչ նպատակահարմար ենք համարել Մայր Աթոռի առաջարկն ընդունելը»,-ասաց նախարարը։

Քերոբյանը նշեց, թե մանրամասնորեն ներկայացրել են, թե ինչպես կփոխվի տնտեսության կառուցվածքը հունվարին։

Դիտարկմանը, թե իրենք համաձայնել են հունվարի 2-ը ևս ոչ աշխատանքային դարձնել, այդ դեպքում ինչու՞ այդ օրվա փոխարեն հունվարի 5-ը չեն դարձրել ոչ աշխատանքային՝ ընդառաջելով Գարեգին Բ-ին, Քերոբյանն արձագանքեց, թե տարբեր առաջարկներ են եղել տարբեր ուժերից, և դրանց ուսումնասիրության արդյունքում ընտրվել է այս տարբերակը։

Քերոբյանը վստահություն հայտնեց, որ օրենքը նախագահի կողմից կստորագրվի։