Հանրության վստահությունը չվայելող դատավորները երբևէ կարգապահական պատասխանատվության տիրույթում չեն հայտնվում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ է հարուցում բացառապես այնպիսի դատավորների նկատմամբ, որոնք վայելում են հանրային և մասնագիտական վարույթի վստահությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Բայց այն դատավորները, որոնք որևէ կերպ նման վստահություն չունեն, երբևէ կարգապահական պատասխանատվության տիրույթում չեն հայտնվում։ Այդ ինչպե՞ս է, որ արդարադատության նախարարությունը նման վարքագիծ է դրսևորում»,-ասաց նա։
Արամ Վարդևանյանի դիտարկմամբ՝ իրավունքի ուժով ստեղծված ԱԺ իրավական հարցերով քննիչ հանձնաժողովը մի շարք այլ հարցեր ևս պետք է քննության առարկա դարձնի, առաջին հերթին՝ գործերը դատավորներին էլեկտրոնային համակարգի փոխարեն ձեռքով մակագրելու հարցը։
Նա հիշեցրեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ որոշում ԱԺ-ն չընդունեց, որը հնարավորություն է տալու զերծ լինել իշխանական պատգամավորների ներկայությունից։
«Քննիչ հանձնաժողովը իր աշխատանքները իրականացնելու է առանց այդ ԱԺ որոշման։ Քննիչ հանձնաժողվին հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու են նաև «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ, մասնավորապես՝ մասնակցելու է Աննա Մկրտչյանը, Արթուր Ղազինյանը, հնարավոր է՝ Էլինար Վարդանյանը և Արծվիկ Մինասայանը ևս մասնակցություն ունենան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Քննիչ հանձնաժողովը հենց այսօր հասցեագրելու է գրություններ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ խնդրելով, որպեսզի վերջինս ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն ներկայանա ԱԺ և պատասխանի քննիչ հանձնաժողովի կողմ ներկայացվող հարցադրումներին»,-մանրամասնեց պատգամավորը։
Հանձնաժողովը գրություն է հասցեագրելու նաև արդարադատության նախարարին, մի շարք այլ անձանց ևս։
Արամ Վարդևանյանը նշեց, որ ՀՀ դատարաններում առկա վիճակը ուղղակիորեն վերաբերում է նաև երկրում առկա անվտանգության խնդիրներին։
«Վստահ եմ՝ ձեզանից շատերը տեղյակ են, թե ինչի համար են Սյունիքի մարզի համայնքների ներկա և նախկին ղեկավարները կալանավորված։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում առաջադրված մեղադրանքի և ամբողջ քրեական գործի վաղեմության ժամկետի լրանալուն մնում են շաբաթներ, բայց նրան կրկին կալանավորում են: Արթուր Սարգսյանին կալանավորող Արմեն Դանիելյանն այն դատավորն է, որի պատճառով իրավաբանները ցանկանում են իրենց դիպլոմները պատռել, որովհետև նույն դիպլոմից ունի նաև Արմեն Դանիելյանը »,-ասաց նա։
Արամ Վարդևանյանը շեշտեց, որ Արթուր Սարգսյանը պատերազմի օրերին կարողացել էր ջոկատ կազմել և պահել ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր։










