Ասում են՝ միջանցք են տալիս, Սյունիքն են տալիս․ եթե ՀՀ-ում «տվող» կառավարություն լիներ, կրակոցները չէին հնչի․ մենք շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով․ Փաշինյան (տեսանյութ)
Եթե դա նշանակեր սուվերեն միջանցք, գրած կլիներ «սուվերեն միջանցք»։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված «անարգել երթևեկություն» արտահայտությունը կիրառելով պնդում է, որ դա «սուվերեն միջանց» է նշանակում և հարցին՝ հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումն Ադրբեջանին։
Նա ընդգծեց՝ այդ կետի կատարումն ընդունվել է 2021-ի հունվարի 11-ի հայտարարությամբ, որի հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ։ «Այն արձանագրել է, որ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության շրջանակներում, որով նրանք անցնում են, ճանապարհների օգտագործումը պետք է տեղի ունենա պարիտետային սկզբունքով»,-ասաց նա։
Փաշինյանի հավաստմամբ՝ աշխատանքային մակարդակում երբեք Ադրբեջանից չեն լսել «միջանցք» արտահայտությունը։ «Ինչու պետք է մեզ համար ընդունելի լինի այն, ինչ չկա։ Այստեղ Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է․ անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» և ասում են՝ եթե միջանցք չտաք, պատերազմով այդ միջանցքը կստանանք»,-ասաց նա՝ նշելով, թե այս փաստը պետք է դնել միջազգային հանրության աչքի առաջ։
«Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով։ Շահագրգիռ ենք, որովհետև ՀՀ-ն 30 տարի գտնվում է շրջափակման մեջ, և սա մեզ համար ապաշրջափակման հնարավորություն է»,-ասաց նա։
Վերջինս ընդգծեց՝ եթե ՀՀ-ն ասում է՝ պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Նախիջանի միջև ճանապարհ, ինքն է որոշում՝ ինչ ճանապարհով է ապահովում այդ հաղորդակցությունը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն շահագրգիռ է, որ երկաթուղային, ավտոմոբիլային կապը վերականգնվի։ «Ադրբեջանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհ, ու տվյալ դեպքում Նախիջանաի մասին չէ խոսքը, Թուրքիա-Ադրբեջան ճանապարհի մասին է խոսքը, մեծ միջազգային ճանապարհի»,-ասաց նա՝ նշելով, թե այդտեղ էլ ՀՀ-ն շահագրգռություն ունի։
«ՀՀ-ն պետք է շահագրգիռ լինի, որ նոր միջազգային ճանապարհն անցնի իր տարածքով։ Ես չեմ հասկանում՝ ինչու ՀՀ-ն պետք է հրաժարվի ճանապարհ տալ»,-հավելեց վարչապետը՝ նշելով, թե այսօր բոլոր երկրները պայքարում են, որ ճանապարհները, երկաթուղիները անցնեն իրենց տարածքով։
«Ադրբեջանն անընդհատ փորձ է անում այդ թվում ՀՀ-ի ներսում նյարդային մթնոլորտ ստեղծել, որ ստացվի, թե Հայաստանն իր ապաշրջափակմանը դեմ է արտահայտվում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ միջանցքային տրամաբանություն գոյություն չունի։
«Այսօր ասում են՝ միջանցք են տալիս, Սյունիքն են տալիս, սա են տալիս, նա են տալիս․ ժողովուրդ ջան, եթե ՀՀ-ում «տվող» կառավարություն լիներ, կրակոցները չէին հնչի, ինչ իմաստ կունենային դրանք»,-ասաց նա։










