Դիրեկտորների հիվանդություն. Սևադա Հակոբյան

11:47 • 25.11.21

Tert.am-ը զրուցել է Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ դիրեկտորների հիվանդության մասին։

«Սեքսուալ խանգարման յուրահատուկ տեսակ է (սեռական խանգարման էրգոպաթիկ ձև), որ բնորոշ է ղեկավարման գործառույթ իրականացնող մարդկանց: Ընկղմում աշխատանքի մեջ. անհատը չի կարողանում հանգստանալ, ճիշտ տարանջատել աշխատանքը և հանգիստը: Սեքսուալ ֆունկցիայի իջեցումը այս դիսֆունկցիայի ժամանակ տեղի է ունենում աստիճանաբար, երբ անհատը լիակատար կլանված է կարիերայով, խոստումնալից աշխատանքով, ծանրաբեռնված է գործնական խնդիրներ լուծելով, ավելի քիչ ուշադրություն է դարձնում կանանց և ինտիմ կյանքին:

Տեղի է ունենում սուբլիմացիա՝ սեռական էներգիայի փոխարկում այլ տեսակի: Սեռական խանգարման այս տեսակը բնորոշվում է սեռական ցանկության աստիճանական նվազմամբ, արձանագրվում են տևական աբստինենցիաներ (սեռական ձեռնպահություն), հազվակի է դառնում սեռական գործունեությունը, վարքի մեջ հետին պլան է մղվում սեքսուալ-էրոտիկ մոտիվացիան, կարող են արձանագրվել էրեկցիայի և էակուլյացիայի խանգարումներ: Դիտվում է քնի խանգարում, աշխատանքի և հանգստի ճիշտ հերթագայման խախտման պատճառով:

Այս տեսակի սեռական խանգարմանը կարող են նպաստել նաև անհատի սեռական կոնստիտուցիայի թույլ տիպը, անդրոգենների (արական սեռական հորմոնների) ցածր մակարդակը, սոցիալ- հոգեբանական տեսանկյունից լարված փոխհարաբերությունները ընտանիքում»: