10 տարվա ընթացքում հաստատ մեքենան մաշված կլիներ, կարիք կար փոխելու․ ԲՏԱ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին 90 մլն դրամ արժողությամբ BMW մակնիշի սպասարկող մեքենա հատկացնելու մասին (տեսանյութ)

12:12 • 25.11.21

Համոզված եմ, որ այս իշխանությունների կողմից Վանո Սիրադեղյանին գնահատելու փորձ եղել է, Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է, և կառավարությունը, ես և իմ ընկերները անում ենք ամեն ինչ, որ կարողանանք նրա հոգեհանգստի արարողությունը անել բարձր մակարդակով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը։

Հարցին` ինչու վերջին երեք տարում չի կազմակերպել նրա Հայաստան վերադառնալու գործընթացը, նախարարը պատասխանեց. «Վանո Սիրադեղյանը եղել է մեր շրջապատի մարդ, իմ, Նիկոլ Փաշինյանի ընկերը, թե ինչու վերջին երեք տարում չի կազմակերպվել նրա Հայաստան վերադառնալու գործընթացը, այդ հարցին չեմ կարող պատասխանել»։

Խոսելով իսրայելական Pegasus գաղտնալսող ծրագրի Հայաստանում կիրառվելու մասին, հաշվի առնելով, որ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ հաղորդագրություն են ստացել կապված ծրագրի օգտագործման հետ, ԲՏԱ նախարարը պատասխանեց.

«Իմ հեռախոսին էլ է այդպիսի հաղորդագրություն եկել, այդպիսի հաղորդագրություն շատերին է եկել, և դա Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի։ Դա միջազգային հայտնի ընկերություն է, որը մեզ մոտ չէ, որ խնդիր է առաջացրել։ Այն, ինչ որ կատարվել է, դիտարկել ենք որպես ցանկություն ՀՀ-ի, առանձին քաղաքացիների և նաև պետականությանն անվտանգությանն ուղղված քայլեր։ Ես տեղեկություն չունեմ այդ ծրագիրը ձեռք բերվել է, թե ոչ»։

Հարցին` Բարձրագույն տեխնոլոգիաների նախարարությունը ուսումնասիրե՞լ այդ ծրագիրը կամ արդյո՞ք չի համագործակցում ԱԱԾ-ի հետ ծրագրի գործարկման ուսումնասիրման հետ կապված, Խաչատուրյանը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չկա։

Անդրադառնալով կառավարության որոշմամբ Ալեն Սիմոնյանին 90 մլն դրամ արժողությամբ ծառայողական մեքենա տրամադրելուն, նախարարը նշեց. «Դա եղել է չզեկուցվող թեմաներից, ներկայացվել է, որ սպասարկող մեքենան գործարկվում է  2010թ-ից և 10 տարվա ընթացքում մեքենան մաշված կլիներ, կարիք կար այն փոխելու»։

Այն հարցին` որքանով է արդար Ճակատենին տրամադրել «УАЗ», «Նիվա» մակնիշի մեքենաներ, իսկ Ալեն Սիմոնյանին նման թանկարժեք մեքենա և արդյոք նպատակահարմար է ստեղծված իրավիճակում այդ արժողությամբ ծառայողական մեքենայի տրամադրումը, Խաչատուրյանը նշեց.

«Արդար է նրանով, որ Ճակատենում անհրաժեշտ է «УАЗ» տիպի մեքենա։ Պարզ չէ՞, որ Ճակատենում պետք է լինի «Նիվա», «УАЗ», ոչ թե «BMW»։ Եկող տարի Ճակատենում կլինի այնպիսի ճանապարհ, որի պայմաններում կառաջարկեք արդեն լավ, արագընթաց ավտոբուս գնել։ Հավատացած եղեք, որ այն խիստ անհրաժեշտ ծախսերը, որ հարկավոր են պետական կառավարմանը, անվտանգությանը և մարդկանց կարիքները բավարարելուն, արվում է, այդ ծախսերը չեն արվում սոցիալական ծրագրեր հաշվին»,- ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը։