Բժիշկները Սաակաշվիլիի մոտ առողջության խանգարումներ են ախտորոշել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ բժիշկների կոնսիլիումը հետտրավմատիկ ստրեսային խանգարում է ախտորոշել: Vesti.ru-ի փոխանցամբ՝ այս մասին նոյեմբերի 28-ին հայտարարել է «Էմպատիա» կազմակերպության ղեկավար Մարիամ Ջիշկարիանին:
Մասնագետները եկել են եզրակացության, որ հետտրավմատիկ ստրեսային խանգարումը Սաակաշվիլիի մոտ ի հայտ է եկել բանտում գտնվելու, ինչպես նաև բռնության գործոնների պատճառով: Բացի այդ, նրա մոտ դիտվում է նյարդաբանական ախտանշաններ կան, կա Վերնիկեի էնցեֆալոպաթիա, որը հացադուլի հետևանք է:
Մարիամ Ջիշկարիանիի խոսքով՝ Սաակաշվիլին ստացիոնար վերականգնողական բուժման կարիք ունի:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որն ավարտել է 50 օր անց: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:










