Եթե սոցաջակցությունը համապատասխանում է հիմնադրամի նպատակներին, այդ դեպքում ինչո՞ւ են փոխանցել Կառավարությանը, որ ինքը փոխանցի մարդկանց և արդյո՞ք դա շարունակական բնույթ է կրել. Մինասյան (տեսանյութ)

16:54 • 30.11.21

Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի քննիչ հանձնաժողովների մասին կարծրատիպերը կոտրվեն և ունենանք հավաստիության բարձր մակարդակ ունեցող զեկույց։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով «Հայաստան» հիմնադրամի գումարները Կառավարությանը փոխանցելու հարցով ստեղծված հանձնաժողովի գործունեությանը։

Խոսելով հանձնաժողովի կազմում իշխանական պատգամավորների հետ աշխատելու մասին` Մինասյանը նշեց. «Այն, որ գործող իշխանությունը տորպեդահարեց հանձնաժողովի` ավելի շուտ ստեղծումը, և մեր արձագանքից հետո միայն ներկայացրին իրենց թեկնածուներին, խոսում է այն մասին, որ ընդդիմությունը որոշակի ազդեցություն կարողացավ ունենալ։ Այն հարցադրումները, որ այսօր ընդունվեցին, չափազանց կարևոր էին ելակետային աշխատանքներ սկսելու համար»։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ հիմնադրամից գումարների փոխանցումը պետական բյուջե հստակեցված չէ` ինչ նպատակով են արվել։ «Դրանք անհատույց տրվել են պետական բյուջե։ Արդյո՞ք այդ փոխանցման իրավասությունը հիմնադրամը ուներ և եթե ուներ, ինչ կարգով պետք է հաշվետվություն տա հազարավոր մեր հայրենակիցներին։ Կառավարությունը պետք է պատասխանի` այն միջոցները, որոնք ներկայացվել են որպես նվիրաբերություն, արյո՞ք ծառայել են իրենց նպատակին, թե, այնուամենայնիվ, եղել են չարաշահումներ»։

Պատգամավորը շեշտեց, թե այն հանգամանքը, որ խորհրդի անդամները, այդ թվում նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ուրիշներ, տեղի ունեցածի վերաբերյալ չեն ծանուցվել, ունենալու է իրավական հետևանք։ 

«Հանձնաժողովի կազմում հարցեր են հնչելու ոչ միայն հիմնադրամի պատասխանատուներին, այլ նաև հանրապետության նախագահին, վարչապետին։ Այս հարցում իշխող խմբակցության պատգամավորները ևս առաջարկություն չունեին»,– նշեց նա։ 

Արծվիկ Մինասյաննը արձանագրեց, որ օրենքով ամրագրված կարգավորումներով բոլոր պատասխանատուները պարտավոր են պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին։ 

«Մեր խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, ըստ որի՝ քննիչ հանձնաժողովում սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրելը համարվելու է հանցագործություն։ Սրանով հնարավորություն կունենաք ուժեղացնել քննիչ համաժողովի դերակատարությունը»,– ասաց նա։ 

Անդրադառնալով հիմնադրամի նկատմամբ իրականացված աուդիտի արդյունքներին, Մինասյանը նշեց. «Այս մասով աուդիտն ասել է, որ չի կարող ասել` միջոցները ծախսվե՞լ են համապատասխան նպատակներով, թե ոչ։ Երկրում կա պետական մարմին, որն իրավասու է դա պարզել, խոսքը Հաշվեքննիչ պալատի մասին է, և քննիչ հանձնաժողովը ևս պետք է ներգրավվի այդ աշխատանքներին։ Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ Հաշվեքննիչ պալատը՝ որպես սահմանադրական մարմին, այս հարցում ստանձնի դերակատարություն։

Մենք ձգտելու ենք վեցամսյա ժամկետում հանձնաժողովի կազմում տալ բոլոր հարցերին պատասխաններ, իսկ եթե փորձեն խոչընդոտներ հարուցել, դա հիմք է լինելու ժամկետների երկարացման պահանջի համար։ Ես չեմ բացառում, որ խոչընդոտներից մեկը կլինի այն, որ փորձեն քրեական գործ հարուցել որևէ հարցի վերաբերյալ, որի պատճառով հանձնաժողովը չկարողանա շարունակել այդ հարցով աշխատանքները»։

Պատգամավորն ընդգծեց, որ հիմնադրամի որոշումներից մեկում որևէ հղում չկա, որ այդ որոշումը ռազմական դրության կամ պատերազմի հետևանքները մեղմելուն ուղղված հիմք է հանդիսացել։

«Մեր հարցերից մեկը վերաբերում է նրան, թե մեր հայրենակիցներից շատերին ցուցաբերված սոցիալական աջակցությունը համապատասխանո՞ւմ է հիմնադրամի նպատակներին, թե ոչ։ Եթե համապատասխանում է, այդ դեպքում ինչո՞ւ են տրվել Կառավարությանը, որ ինքը փոխանցի այդ մարդկանց և եթե տվել է, շարունակական բնույթ ունեցե՞լ է։ Արդյո՞ք Կառավարությունն իր այլ ռեսուրսներից ևս ավելացրել է դրան, թե պարզապես անհրաժեշտ էր Կառավարության «փիառն» անել»։

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ եթե այս հարցերի պատասխանները չկարողանան ստանալ, նշանակում է հանձնաժողովը չի կարողացել ծառայել իր հիմնական նպատակներին։