Չեմ կարող խոսել մոտավոր կարգավորումների մասին․ Արթուր Ասոյանը՝ հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողության մասին

13:44 • 01.12.21

Կարգավորումները վերջնական չեն, դրանք մշակման փուլում են և երբ վերջնական տեսքի բերվեն, հստակ կլինեն վերահսկողական գործառույթները, այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են կարգավորելու հանրային սննդի վայրերում հակահամաճարակային կանոնների պահպանումը և ինչպես է դա վերահսկվելու։

Արթուր Ասոյանը նշեց, որ այստեղ մեծ գործառույթներ ունի նաև Ոստիկանությունը, թեև ռեսուրսների խնդիր կա։ «Չեմ կարող խոսել մոտավոր կարգավորումների մասին, դա այնքան էլ ճիշտ չի լինի»,– ասաց նա  նշեց, որ կարգավորումների մասին բիզնեսն ու քաղաքացիները կիրազեկվեն:

Արթուր Ասոյանը նաև նշեց, որ չի ցանկանում մոտավոր պատասխաններ տալ կարգավորումների վերաբերյալ։ «Մոտավորապես 300 ստուգայց է լինում օրվա կտրվածքով»,– ասաց՝ հավելելով, որ խախտումներն ամեն դեպքում շատ չեն։

Կրկին անդրադառնալով վերահսկողության հարցին՝ նա նշեց մեկ տարբերակ, որն իր մտածածն է և վերջնական չէ։

«Նայեք նույն դիմակի պահանջը, որ դրված է տնտեսվարողի վրա, ամեն օր տեսչությունը կամ ոստիկանությունը չի մտնում կոնկրետ տնտեսվարողի մոտ և ստուգում, դա դրված է տնտեսվարողի վրա և խախտման դեպքում տնտեսվարողի նկատմամբ իրականացվում է պատասխանատվություն։ Մոտավորապես, երևի թե, կգործի նույն տրամաբանությամբ։ Այսինքն, եթե ունի պատվաստման հավաստագիր, տվյալ տնտեսվարող սուբկյեկտը կստուգի մինչև իր մոտ թողնելը, հակառակ պարագայում, երևի թե, տվյալ տնտեսվարողին ստուգելուց տեսչությունը կանդրադառնա նաև իր հաճախորդներին»,– ասաց նա։