Համավարակն «անջատեցին» գունագեղ տոնակատարության, նախագահականում հավաքվելու ժամանակ, երբ քաղաքացին իրենց պետք չէ, նորից դառնում է տուգանվելու մատերիալ. բողոքի ակցիա՝ պարտադիր սահմանափակումների դեմ

16:27 • 01.12.21

ՀՀ տնտեսությունը կոլապսի է ենթարկվելու ու թող չփորձեն դիլետանտի պես օրինակ բերել Եվրոպայի, ԱՄՆ-ի փորձը, եթե օրինակ բերող էիք, ապա օրինակ բերեք այն պետություններին, որտեղ թեստավորումներն անվճար են։ Այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարության դիմաց կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների, պարտադիր թեստավորումների և պատվաստումների դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիներից մեկը։

«Այս թալանի մեծ մասը գնում է իրենց գրպանը։ 1050 դրամանոց ՊՇՌ թեստը հայ ազգի վրա 8000- 10.000 դրամով իրացնողը թալանչի է։ Ասում էին, որ պատվաստված մարդը քովիդը թեթև է տանում, բայց 23 մահ են արձանագրել։ Այդ 23 մահը իրենց համար ոչ մի բան է։ Այս ամեն ինչը կատարվում է, որովհետև մենք լռել ենք, մեզ հիմարի տեղ են դրել։ Հունվարի 1-ից թոշակառուն իրավունք չի ունենալու մտնել սննդի կետ, գործազուրկ քաղաքացիները պետք է երկու անգամ թեստ հանձնեն, որ կարողանան փողոցում հաց ուտել»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Ասում են` ժողովրդի մասին ենք մտածում, ես տեսել եմ ձեր մտածածը` նկուղներում պոլիէթիլենային պարկերի մեջ զինվորների մարմիններն էին։ Համավարակը Հայաստանում «ռուբիլնիկով» անջատեցին գունագեղ տոնակատարության ժամանակ, անջատեցին նախագահականում հավաքվելու ժամանակ, իրենց երբ պետք է, մոռանում են, որ Հայաստանում համավարակ կա։ Երբ քաղաքացին իրենց պետք չէ, նորից դառնում է տուգանվելու մատերիալ։ Եթե համավարակ է, ուրեմն խելամիտ քաղաքականություն վարեք։ Իրենք պատասխան են տալու մահացածների հարազատներին առաջ»,–  հավելեց նա։

Բողոքի ակցիա իրականացնողները կոչ արեցին բոլորին դուրս գալ և պայքարել պարտադրանքների դեմ։ Նրանք շեշտեցին, որ պատվաստումների պարտադրանքը չի տարածվում ուսանողների վրա, քանի որ գիտակցում են` ընդվզումների  մեծ ալիք կբարձրանա, որից վախենում են։

«Դասախոսներին պարտադրում են պատվաստվել կամ թեստ հանձնել, ուսանողներին՝ ոչ։ Լսարանում կա մեկ դասախոս և հարյուրավոր ուսանողներ, տրամաբանությունը ո՞րն է, եթե  այդ 100-ից 90-ը կարող են լինել վարակակիր։ Ակնհայտ է, որ առողջապահական որևէ խնդիր այստեղ չկա։ Առողջապահության նախարարությունը նպատակ ունի իրացնել ստացած գրանտները և ցույց տալ պատվաստումների թվերը, այլ ստրատեգիա այստեղ չկա։ Եթե որևէ մեկը փորձի պարտադրել իմ ուսանող տղային պատվաստվել, այդ ստահակը կընկնի իմ ձեռքով, խոստանում եմ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հանդիպում էին պահանջում առողջապահության նախարարի հետ, որպեսզի պահանջեն ՊՇՌ թեստավորումը դարձնել անվճար և վերացնեն հակասահմանադրական պարտադրանքները։

«Եթե  հարկ լինի, չենք թողնելու նախարարության շենք մարդ մտնի։ Թշնամին դրսից է մեզ կոտորում, իրենք ներսից։ Եթե չեն ցանկանում երկխոսել մեզ հետ, ուրեմն մեր գործողություններից միայն իրենք են տուժելու»,–ասաց նա։

Ակցիա իրականացնողները հայտարարեցին, որ վաղը ևս նույն պահանջներով հավաքվելու են Առողջապահության նախարարության դիմաց։