ՔՊ–ն Գյումրիում դե ֆակտո չի պարտվել, գյումրեցիներն ինձ չեն մերժել, որոշել են այդպիսի քվեարկություն իրականացնել․ Հովհաննես Հարությունյան (տեսանյութ)

16:11 • 01.12.21

Այն պահից, երբ ես դիտարկվում էի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու, արդեն որոշված էր, որ ընտրություններից հետո ես մարզպետ չեմ լինելու։ Անկախ ընտրության ելքից՝ այդ որոշումն անփոփոխ էր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, Շիրակի նախկին մարզպետ, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու Հովհաննես Հարությունյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ չընտրվելուց հետո մարզպետի պաշտոնից հրաժարվելուն։

Դիտարկմանը, թե իշխանական որոշ պատգամավորներ տեսակետ են հայտնել, որ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում, իշխանությունը սխալ թեկնածուներ է ընտրել, դրա համար էլ պարտվել են, նախկին մարզպետը պատասխանեց․ «Շատ կարևոր բան կարող եմ ասել՝ միգուցե դե յուրե արձանագրվել է այլ քաղաքական ուժի հաղթանակ, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դե ֆակտո չի պարտվել։ Կարևոր է, երբ բնակչությունը գիտակցում է, որ իր քվեի արդյունքում է ձևավորվում իշխանությունը»-ասաց նա։

Հարցին՝ «Բալասանյան» դաշինքի հետ համագործակցությունը հասարակությանը մոլորեցնելու փորձ չէ՞ր, Հարությունյանն արձագանքեց․ «Հասարակությունը որոշեց, որ պետք է այսքան տոկոս ձայն տալ այս ուժին, այնքան ձայն՝ մյուս ուժին, և մի ուժ ինքնուրույն չէր կարող ձևավորել իշխանություն»,-ասաց նա։

Այն հարցին էլ՝ չի՞ կատարվել վերլուծություն՝ պարզելու համար, թե ինչու գյումրեցիներն իրեն մերժեցին, Հարությունյանը պատասխանեց․ «Գյումրեցիները չեն մերժել, գյումրեցիները որոշել են այդպիսի քվեարկություն իրականացնել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ քաղաքական թիմի հետ խնդիրներ չունի։

Անդրադառնալով Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին՝ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ նա այդ պաշտոնն ստանալիս լիովին պատկերացրել է աշխատանքի ծանրությունը և կհաջողի։

Սյունիքի մարզի Ճակատենի ճանապարհի մասին խոսելով էլ՝ Հարությունյանն ասաց, թե հընթացս բոլոր հարցերը լուծվում են․ «Համոզված եմ և կարող եմ հավատացնել, որ այդ լուծումները կան։ Միգուցե եղանակային պայմաններով աշխատանաքները կարող են մի քիչ դանդաղել կամ արագանալ, դրանք էլ աշխատանքային հարցեր են»։